Մշակույթ

Հեքիաթային երաժշտություն, շքեղ բեմադրություն, փայլուն արտիստներ. Յակոբսոնի անվան բալետը Երևանում ներկայացրեց «Քնած գեղեցկուհին»

6 րոպեի ընթերցում

Հեքիաթային երաժշտություն, շքեղ բեմադրություն, փայլուն արտիստներ. Յակոբսոնի անվան բալետը Երևանում ներկայացրեց «Քնած գեղեցկուհին»

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ականավոր կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» բալետը, որ նվաճել է համաշխարհային բեմերը և արդիական է մինչ օրս, հունիսի 21-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում էր:

Շքեղ, գունագեղ, արտիստական փայլուն խաղով հեքիաթային բալետը Երևանում ներկայացրեց Սանկտ Պետերբուրգի Յակոբսոնի անվան պետական ակադեմիական թատրոնը՝ հանդես գալով Երևանի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարեց դիրիժոր Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկին:

Մինչ ներկայացման մեկնարկն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում օպերային թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ասաց. 

«Մեր հանդիսատեսը պետք է տեսնի տարբեր դպրոցների ներկայացուցիչների, տարբեր բալետային թատերախմբերի ելույթներ, որպեսզի կարողանա ճիշտ գնահատականներ տալ: Այս բալետը համատեղ ուժերով մատուցում են մեր նվագախումբն ու Պետերբուրգի թատրոնը, ինչը ևս կարևոր է շփման առումով, քանի որ ընկերանում են, սովորում և սովորեցնում: Ավելի քան կարևոր է, որ մանուկներն ու երիտասարդները, որ զբաղվելու են պրոֆեսիոնալ բալետով, առնչվեն գեղեցկության հետ: Վստահ եմ, որ ոգևորվելու են»:

Դուրգարյանն ընդգծեց՝ արվեստը մարդուն օգնում է ավելի բարի լինել:

Նրա խոսքով՝ Յակոբսոնի թատրոնը դասական բալետ է ներկայացնում, և իրենք գերադասում են հենց նման ներկայացումներ հյուրընկալել, քանի որ ուսուցողական են, դաստիարակչական, իսկ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» երկար տարիներ Հայաստանի բեմահարթակում չի եղել, ուստի այն ցուցադրելը նշանակալի իրադարձություն է:

«Այս ներկայացումն աշխարհի լավագույն թատրոնների խաղացանկում է: Այն ամենահայտնի ու շքեղ բալետներից է: Չի բացառվում, որ մի օր մեր թատրոնում ևս բեմադրվի, սակայն ժամանակ է հարկավոր, քանի որ մեր բալետային խումբը էվոլյուցիա է ապրում: Արտիստները պարբերաբար վարպետաց դասեր են անցնում: Ըստ իս՝ մեր ազգը տաղանդավոր է, պարզապես պետք է աշխատասիրության միջոցով այդ տաղանդը տանել բեմահարթակ»,-ասաց մաեստրոն:

Յակոբսոնի անվան բալետի «Քնած գեղեցկուհին» բեմադրել է Ֆրանսիացի խորեոգրաֆ, «Գրանդ օպերա»-ի մանկավարժ Ժան-Գիյոմ Բարը: Նա ամբողջությամբ չի կրկնել Մարիուս Պետիպայի հայտնի բեմադրությունը, և այն հավելել է սյուժետային տարրերով, ավելի է ընդգծել հերոսների բնավորությունը, նրանց հնարավորությունները: Նա փորձել է նորովի մատուցել հեքիաթը՝ այն առավել դինամիկ դարձնելով:

Շառլ Պերոյի հեքիաթների վրա հիմնված ներկայացման մեջ արքայազնին՝ Դեզիրեին, որն իր համբույրով տևական քնից արթնացնում է կախարդված արքայադուստր Ավրորային,  մարմնավորում է ՌԴ վաստակավոր արտիստ Անդրեյ Սորոկինը: 

«Այս հեքիաթն իսկապես շատ գեղեցիկ է: Եթե նայենք գրական աղբյուրները, ապա այն մի քանի հեքիաթների համադրություն է, ներդաշնակ համադրություն, որը նվաճել է տարբեր սերունդների հանդիսատեսի: Մեր բեմադրությունը, որի հեղինակը Ժան-Գիյոմ Բարն է, հրաշալի է, էտալոնային է, դասական, ինչպես «Կարապի լիճ»-ը, «Շելկունչիկ»-ը: Նա ֆրանսիական ոճ է բերել մեր թատրոն, հետաքրքիր ձև, շքեղ կոստյումներ, թարմ ու ժամանակակից մոտեցումներ: Հետաքրքիր է՝ ներկայացումը դասական է, բայց հին չէ, իսկ երաժշտությունն ուղղակի անկրկնելի է: Չայկովսկու երաժշտությունն ունկնդրելիս ուզում ես փակել աչքերդ և հաճույք ստանալ, իսկ երբ խորեոգրաֆիան սինթեզվում է երաժշտության հետ, այդ ամենը մեծագույն բավականություն է  պատճառում նաև հանդիսատեսին»,-նշեց արտիստը:

Սորոկինը կարծում է՝ երաժշտության մեջ շատ ինֆորմացիա կա, որն ուղղորդում է, որոշակի ռիթմ է հաղորդում, տրամադրություն: 

«Մենք շատ ենք փորձեր անում, պարապում, որպեսզի կարողանանք բեմում անկաշկանդ լինել, բաց թողնել մեզ, չմտածել շարժումների մասին, չէ՞ որ բալետը հրաշալի արվեստ է, հույզ է, էմոցիոնալ հագեցվածություն է»,-հավաստիացրեց Անդրեյ Սորոկինը:

Յակոբսոնի անվան բալետն առաջին անգամ չէ հյուրընկալվում Սպենդիարյանի անվան թատրոնում: Նախորդ տարի Երևանում ներկայացրին «Դոն Կիխոտ» բալետը: Սակայն Սորոկինն առաջին անգամ է Հայաստանում: 

«Անցյալ անգամ չէի եկել Երևան, որովհետև սպասում էի երկվորյակներիս ծնվելուն: Պարտավոր էի մնալ Պետերբուրգում, բայց  վաղուց էի մտածում ձեր երկիր այցելել, քանի որ դուք հարուստ պատմություն ունեք, Երևանը հնագույն քաղաք է, իսկ մարդիկ բոլոր իմաստներով ջերմ են, բաց են, գրկաբաց, և ես հույս ունեմ, որ մենք դա նաև հանդիսատեսի միջոցով կզգանք, քանի որ դահլիճի էներգիան մեզ համար ասես վառելիք լինի, որ լիցքավորում է»,-շեշտեց ՌԴ վաստակավոր արտիստը:

Անդրեյ Սորոկինը նաև անդրադարձավ օպերային թատրոնի նվագախմբի հետ աշխատանքին և ասաց, որ միշտ հետաքրքիր է տարբեր նվագախմբերի հետ համագործակցելը, որովհետև փորձի փոխանակման հնարավորություն, վստահություն է ստեղծվում, իսկ երաժշտությունն այլ կերպ է հնչում:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց ներկայացումը, «բրավո»-ները չէին դադարում, արտիստները կրկին ու կրկին բեմ էին վերադառնում:

Բալետի լիբրետոյի հեղինակը Ժան-Գիյոմ Բարն է, զգեստների նկարիչը՝ Օլգա Շաիմելաշվիլին, լուսային ձևավորումը՝ Եվգենի Գանզբուրգի:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում