ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետի թատրոնը հունիսի 21-22-ին հյուրախաղերով հանդես կգա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ ներկայացնելով Պյոտր Իլյիչ Չայկովսկու գլուխգործոցներից մեկը՝ «Քնած գեղեցկուհին» բալետը։
Թատերախումբը հանդես կգա Երևանի օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը կղեկավարի դիրիժոր Իգոր Վլադիմիրովիչ Տոմաշևսկին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում օպերային թատրոնի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն ընդգծում է՝ շատ կարևոր է, երբ Երևանում հյուրախաղերով ելույթներ են ունենում տարբեր թատրոնների արտիստներ, քանի որ օպերային թատրոնն այդ կերպ ասում է, որ իր դռները միշտ բաց են բոլորի առաջ, իսկ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ծանոթանալու օտար թատրոնների խաղաոճին, աշխատելաոճին: «Մենք՝ հայերս, սիրում ենք սովորեցնել, բայց պետք է նաև սովորել: Հրավիրված ցանկացած խմբից կարելի է մի լավ բան սովորել»,-հավաստիացնում է Դուրգարյանը և հավելում՝ երկար ժամանակ Հայաստանի բեմահարթակ չի բարձրացել «Քնած գեղեցկուհին» բալետը, ուստի որոշեցին հենց այն ներկայացնել արվեստասերներին:
Օպերային թատրոնի տնօրենը վստահեցնում է՝ հանդիսատեսին մեծ տոն է սպասվում և շեշտում՝ անակնկալները շարունակական են լինելու:
Յակոբսոնի անվան պետական ակադեմիական բալետն առաջին անգամ չէ հյուրընկալվում Սպենդիարյանի անվան թատրոնում: Տեղի արվեստասերները 2023-ին հնարավորություն ունեցան երևանյան բեմում վայելելու Յակոբսոնի անվան բալետի «Դոն Կիխոտ» բալետը: Դեռ այդ ժամանակ լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Դուրգարյանը նշել էր. «Ինձ համար շատ հաճելի է, որ այս թատրոնը կրում է ականավոր խորեոգրաֆ Լեոնիդ Յակոբսոնի անունը, որն իր ժամանակին յուրահատուկ ու նորարարական ներկայացումներով մեծ հեղափոխություն է արել բալետային արվեստում»:
Թատրոնի տնօրենն ընդգծել էր, որ Յակոբսոնին Հայաստանի հետ է կապում մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: «Առաջին անգամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բեմադրվել է Մարիինյան թատրոնում: Բեմադրիչը եղել է Յակոբսոնը: Մոտավորապես 800 կոստյում է կարվել այդ ներկայացման համար, և այն համարվել է ամենաշքեղ բեմադրություններից մեկը: Շատ հաճելի է, որ այդ երկու մեծերը համատեղ աշխատել են: Մի ուշագրավ դեպք է պատահել նրանց միջև: 1956 թվականին Սանկտ Պետերբուրգի Նևսկի պողոտայի վրա երկու ջենթլմեն լուրջ վիճել են. վեճը վերածվել է կռվի: Անցորդները ոստիկանություն են կանչել, և ոստիկանները ջենթլմեններին տարել են բաժին: Պարզվել է՝ վիճում են Խաչատրյանն ու Յակոբսոնը: Վեճի պատճառն այն է եղել, թե ինչու է կրճատվել բալետի այս կամ այն մասը և այլն: Սանկտ Պետերբուրգում հաճախ են պատմում այս պատմությունը, երբ խոսում են Խաչատրյանի և բալետի մասին: Պատմությունն անգամ գրքերում է ներառվել»,-պատմել է Դուրգարյանը:
Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ֆադեև Անդրիան Գուրիևիչն էլ նշել էր, որ ժամանակին իրենց թատրոնի հիմնադիրն ու Խաչատրյանը համատեղ հրաշք են ստեղծել և «Սպարտակ» բալետով պարզապես «պայթեցրել» են ոլորտը, զարմացրել համաշխարհային բալետը: «Նրանք «Սպարտակ»-ի հիմքում ոչ դասական ուղղվածության բալետն են դրել, նոր, համարձակ բեմադրություն են արել, որը հեղափոխություն է համարվել բալետային արվեստում: Խաչատրյանն ու Յակոբսոնը նորարարներ են եղել և դասականներ են դարձել իրենց բնագավառներում՝ մտնելով համաշխարհային արվեստի պատմության մեջ»,-ասել է Գուրիևիչը:
Անժելա Համբարձումյան