Մշակույթ

Կոմիտասի շունչն ու ոգին՝ Երևանի օպերային թատրոնում. 55 տարի անց կրկին բեմ բարձրացավ «Անտունի» բալետը

6 րոպեի ընթերցում

Կոմիտասի շունչն ու ոգին՝ Երևանի օպերային թատրոնում. 55 տարի անց կրկին բեմ  բարձրացավ «Անտունի» բալետը

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեծ տոն նվիրեց Կոմիտասի արվեստի երկրպագուներին՝ ավելի քան հիսուն տարվա դադարից հետո նոր շնչով, ժամանակակից ու հետաքրքիր մոտեցումներով բեմ վերադարձնելով Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը:

Բալետը, որի հիմքում Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմն է, արվեստասերներին ներկայացվեց Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ ներկայացման մեկնարկը երաժշտագետ-միջնադարագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը հիշեցրեց, որ նշվում է Կոմիտաս Վարդապետի 155-ամյակը, և «Անտունի» բալետը նվիրվում է նրա հոբելյանին: 

«Երկու տարի առաջ, երբ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ բալետը վերաբեմադրելու գաղափարով եկանք օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանի մոտ, նա այն աստիճանի խանդավառությամբ վերաբերվեց այդ գաղափարին, որ որոշեց հենց այդ տարի վերականգնել 1969 թվականին բեմադրված ներկայացումը: Վերականգնումը հետաձգվեց և համընկավ Կոմիտասի 155-ամյակի հետ»,-պատմեց Նավոյանը:

Նրա խոսքով՝ երկու արարից բաղկացած ստեղծագործությունը հենվում է կոմիտասյան ժառանգության ամենատարբեր շերտերի վրա, կերպարային դաշտը ևս Կոմիտասից է առնված և վերաբացահայտում է Կոմիտաս երևույթը:

«էդգար Հովհաննիսյանը խնդիրը լուծել է գեղարվեստական բարձր մակարդակով: Սա բալետ չէ, բալետ-օրատորիա է, այսինքն՝ 20-րդ դարի ամենանորարարական մտածողության դիրքերից երկու երաժշտական ժանրի սինթեզ է: Առհասարակ, Էդգար Հովհաննիսյանի ժառանգության մեջ նման համադրություններ շատ կան»,-շեշտեց Նավոյանը:

Նրա հավաստիացմամբ՝ և՛ 1969 թվականին, և՛ այսօր Կոմիտասի կերպարի շուրջ ստեղծված գեղարվեստական բարձրարժեք արտահայտությունը հայերին համախմբում է՝ անկախ երաժշտական նախասիրություններից:

«Կոմիտասը մեր ինքնության ամենաառանցքային դրսևորումներից է, նա մեր ինքնության հարացույցի ամենասոսնձող իրողություններից է, որ աշխարհի չորս ծագերում ապրող հայերին կարող է համախմբել օպերային թատրոնում, թանգարաններում, պանթեոնում, ուր ասես՝ ստեղծելով մեկ ազգի, մեկ ժողովրդի, մեկ հոգևոր ընդհանրության գաղափար»,-եզրափակեց երաժշտագետը:

Ավելի վաղ լրագրողների հետ հանդիպմանը Կարեն Դուրգարյանը շեշտել էր՝ բեմահարթակ է վերադառնում մի ստեղծագործություն, որը գրվել է խորհրդային ժամանակներում, և այն տարիներին մեծ հերոսություն էր ստեղծագործել, գրել այնպիսի բան, որ կունենար ենթատեքստեր: Ըստ մաեստրոյի՝ հայ մարդը հեշտությամբ կընկալի, կզգա «Անտունի» բալետը, քանի որ այն շատ հայկական է։ 

«Բալետում չենք փորձելու գեղեցիկ վարիացիաներ գտնել, այն ուղղակի մեծ թատրոն է, բալետ-ներկայացում է»,-նշել էր Դուրգարյանը:

1969-ին բալետը բեմադրել են կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը, բեմանկարիչը եղել է Մինաս Ավետիսյանը, զգեստների նկարիչը՝ Ռոբերտ Էլիբեկյանը։ Կոմիտասի հոբելյանին բալետը վերականգնել են նրանց ժառանգները:

Վերականգնող բալետմայստեր Սուսաննա Մարտիրոսյանը Մաքսիմ Մարտիրոսյանի դուստրն է։ Նրա խոսքով՝ 1969-ը բալետի առաջին ծնունդն էր, սակայն այն նաև 1987 թվականին բեմ բարձրացավ։ Այդ ժամանակ Սուսաննա Մարտիրոսյանն ասես մասնակցել է բալետի վերածննդին, քանի որ նաև պարել է ներկայացման մեջ։ Այդ շրջանում ներկայացումը թատրոնի խաղացանկում կարճ կյանք է ունեցել, ինչի պատճառ են դարձել երկրաշարժը, Ղարաբաղյան շարժումը։ 

«Մեր ծնողները չկան, և մենք որոշեցինք նորովի ներկայացնել բալետը՝ պահպանելով  յուրահատուկ ոճը, որն անուն չունի։ Բալետային բառապաշարը շատ հստակ է. կարող է լինել դասական բալետ, ստիլիզացված, մոդեռն և այլն, իսկ «Անտունի»-ն այդ ամենի համադրությունն է և լեզուն, որ ստեղծել է հայրս, ուստի բավականին դժվար էր  փոխանցել նրա հեղինակային լեզուն, սակայն ես փորձեցի մեր երիտասարդներին ադափտացնել այդ ոճին։ Վստահ եմ, որ ներկայացումը հաջողություն կունենա, ինչպես եղավ  55 տարի առաջ, քանի որ շատերը դեռ հիշում են այն»,-վստահեցրեц վերականգնող բալետմայստերը։

Դահլիճը բուռն ծափահարություններով արձագանքեց վերաբեմադրված ներկայացմանը, որը վառ էր, գունեղ, չափազանց հայկական և հուզիչ:

«Անտունի» բալետը կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի և բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանի ստեղծագործական համագործակցության գագաթնակետն է։ Մաքսիմ Մարտիրոսյանի հեղինակած լիբրետոյի համար հիմք է ծառայել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմը։ Սևակի պոեզիայում Էդգար Հովհաննիսյանը տեսնում էր ապագայում ստեղծվելիք մոնումենտալ երաժշտական ստեղծագործությունների գրական հիմքի անսպառ աղբյուր։ «Կոմպոզիտորները դեռ երկար տարիներ հպվելու են Սևակի ազնիվ բանաստեղծությանը, օգտվելու են նրա ստեղծած կերպարներից, հետևելու են Սևակի գործերի հզոր ներքին սիմֆոնիզմին։ Ես երջանիկ եմ, որ դրա անդրանիկ փորձը դարձավ «Անտունի» բալետը»,-նշել է Էդգար Հովհաննիսյանը։ 1969-ի բեմադրության մեջ հնարավոր էր տեսնել  նոր, անսպասելի կառուցվածքային ու դրամատուրգիական լուծումներ, համարձակ խորեոգրաֆիա, ինքնատիպ ձևավորում, ազգային երաժշտական նախասկզբի էպիկական վերաիմաստավորում, կոմիտասյան մեղեդայնության սիմֆոնիզացում։ Բալետի կարևոր առանձնահատկությունը օրատորիալ-սիմֆոնիկ և երաժշտաթատերական ժանրերի յուրահատուկ համադրումն է։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում