Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք
2 րոպեի ընթերցում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ը բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ-ից, մասնավորապես՝ արձանագրվել է թմրամիջոց պահելու և օգտագործելու 215, սառը զենք պահելու և կրելու՝ 203 դեպք։ Բացահայտվել են նաև ֆիզիկական ներգործության, խուլիգանության, գողության և այլ դեպքեր։
Ոստիկանության գվարդիայի շրջիկ ծառայության կազմակերպման հիմքում օպերատիվ իրավիճակի շարունակական գնահատումն է։ Գրանցված արդյունքների հիման վրա փոփոխվում են երթուղիներն ու վերակարգերի տեղաբաշխումը՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ուսումնական հաստատությունների հարակից տարածքները։ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման վարչության ծառայության կազմակերպման բաժնի պետ Արման Ասլանյանի խոսքով՝ 2026 թվականի առաջին եռամսյակի ավարտից հետո բուհական և հանրային այլ վայրերում գրանցված դեպքերի հիման վրա իրականացվել է վերլուծություն, որի արդյունքում փոփոխվել է բուհական հատվածներում վերակարգերի տեղորոշումը, ինչպես նաև խտացվել են վերակարգերը։ «Երկրորդ եռամսյակի վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ բուհական և հանրային այլ վայրերի տարածքներում միջանձնային կոնֆլիկտներ տեղի չեն ունեցել»,- ասել է Ասլանյանը։
«Նոր երթուղիների ներդրմամբ ընդլայնվում է Ոստիկանության գվարդիայի ծառայողների ներկայությունը հանրային տարածքներում, իսկ շրջայցերը հնարավորություն են տալիս կանխել հնարավոր միջադեպերը՝ նվազեցնելով դրանց առաջացման ռիսկերը։ Յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում գրանցված արդյունքները հիմք են հաջորդ ծառայությունն առավել հասցեական և արդյունավետ կազմակերպելու համար։ Երթուղիները վերանայվում են, շրջիկ կարգախմբերը՝ վերաբաշխվում, իսկ նպատակը մնում է անփոփոխ՝ պահպանել հասարակական կարգն ու ապահովել քաղաքացիների անվտանգությունը»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։