Երևանյան բեսթսելեր 46. Երիտասարդ գրող Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ»-ը կրկին վարկանիշային աղյուսակում է
7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Ամենապահանջված գրքերի ցանկում երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը «Զանգակ» հրատարակչության նոր վերահրատարակությունն է: Այն ներառում է նաև Նարեկացու տաղերը: Ինչպես նախաբանում գրել է «Զանգակ»-ը, Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին իր հավատն առ Աստված վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն:
Երրորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի` համաշխարհային բեսթսելեր դարձած «Ալքիմիկոսը» վեպը, որը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Գիրքն արդեն մի քանի շաբաթ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է:
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում ֆրանսիացի արձակագիր ու թատերագիր Ալբեր Քամյուի «Ժանտախտը» ստեղծագործությունն է, որին հաջորդում է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
«Երևանյան բեսթսելեր»-ի վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը» ստեղծագործությունն է, որը պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում:
Յոթերորդ հորիզոնականում մոսկվաբնակ հայ ժամանակակից գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Այն իր պատմական հետաքրքիր սյուժեով շարունակում է գրավել ընթերցողին ու մնալ բեսթսելերների ցանկում: Գիրքը հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են թուրք հայատյաց նախկին զինվորականի ապրումները: Նա տարեց հասակում պատահաբար լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու երբ հասկանում է, որ այն հայերեն է, մտածում է, որ ծնողներն էլ հայեր են եղել։ Պաշտոնաթող զինվորականն այնուհետև շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու ենթադրությունն իրականում թյուրիմացություն է:
Անգլիացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպն այս անգամ ութերորդ հորիզոնականում է: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում: Առաջին հրատարակությունից 64 տարի անց «1984»-ը վերջապես լույս է տեսել նաև հայերեն՝ Աստղիկ Աթաբեկյանի` բնագրից կատարած թարգմանությամբ:
Մենք առանձնապես ուրախ ենք երիտասարդ գրող Արամ Պաչյանի հաջողության համար, ում «Ցտեսություն, Ծիտ» գիրքն այս շաբաթ կրկին վարկանիշային աղյուսակում է: Այն զբաղեցնում է իններորդ հորիզոնականը:
«Երևանյան բեսթսելեր» նախագծի ընթացիկ շաբաթվա ցուցակը եզրափակում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի ստեղծագործությունը` «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը»: Այն մի ճայի կյանքի պատմությունն է, որում գրողը ներկայացնում է, թե ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից դեպի սննդի աղբյուր հասնելու ուղին: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին:
Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ժամանակ հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +6 |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 21 | |
| 2 | * |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Զանգակ | 18 | |
| 3 | +2 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 17 | |
| 4 | 0 |
Ալբեր Քամյու «Ժանտախտը» |
Ապոլոն | 15 | |
| 5 | -2 |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 13 | |
| 6 | * |
Հերման Հեսսե «Ներսը և դուրսը» |
Ապոլոն | 10 | |
| 7 | -5 |
Մարկ Արենի «Այնտեղ,որտեղ ծաղկում են վայրի վարդեր»
|
Տիգրան Մեծ | 9 | |
| 8 | +1 |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 7 | |
| 9 | * |
Արամ Պաչյան «Ցտեսություն, Ծիտ» |
Անտարես | 6 | |
| 10 | * |
Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը» |
Հայաստան | 5 |
Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են: