Երևանյան բեսթսելեր 41. Շաբաթվա վարկանիշային աղյուսակում տեղ են գտել չորս նոր ստեղծագործություններ
9 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ հարուստ է նոր գրքերով: Հոկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում հայ ընթերցողների պահանջը փոքր-ինչ փոխվել է: Ցանկում ավանդաբար տեղ գտած գրքերի կողքին այս անգամ չորս նոր ստեղծագործություն կա:
Շաբաթվա առաջատարն այս անգամ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, որը «Զանգակ» հրատարակչության նոր վերահրատարակությունն է: Այն ներառում է նաև Նարեկացու տաղերը: Ինչպես նախաբանում գրել է «Զանգակ» հրատարակչությունը, Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին իր հավատն առ Աստված վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:
Ցանկի երկրորդ հորիզոնականում իրեն վերագտել է ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը: Այն արդեն մի քանի շաբաթ տեղ չէր գտնում գործակալության վարկանիշային աղյուսակում: Գիրքը հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը, որը գրողի ժառանգներից ստացել է տպագրության հեղինակային իրավունքը 700 օրինակի համար: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն տպաքանակով:
Բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպը, որը երրորդ հորիզոնականում է, շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել հայ ընթերցողների շրջանում: Գիրքն այսուհետ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոսի»` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:
Չորրորդ հորիզոնականում կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակն է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Ադրբեջանցի ժամանակակից գրողԱքրամԱյլիսլիի«Քարե երազներ»վեպ-ռեքվիեմի հայերեն տարբերակների հրատարակությունից անմիջապես հետո գիրքը լայն տարածում գտավ Հայաստանում: Առաջինը գրքից հատվածներ հրապարակեց «Հայաստանի զրուցակից» շաբաթաթերթը`Հովհաննես և Հայկ Այվազյանների թարգմանությամբ: Այնուհետև գիրքը միաժամանակ թարգմանվեց և տպագրվեց երեք տարբեր հրատարակչություններում, յուրաքանչյուրը ներկայացրեց իր տարբերակը: Սակայն հասարակությունն ավելի շատ նախընտրությունը տվեց «Գրաբեր» հրատարակչության տարբերակին: Վեպն ապացուցեց, որ հայ հասարակությունն անհամբեր նման անդրադարձի էր սպասում` հատկապես, երբ պատմության այդ էջերին անդրադարձ է կատարել ադրբեջանցին: «Քարե երազները» պատմում է 1989 թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես է վեպի հերոսը քննադատում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մտածում` ոտքով գնալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Այս շաբաթ «Քարե երազները» զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:
Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպը, որն առաջին անգամ է տեղ գտնում «Երևանյան բեսթսելերի» վարկանիշային աղյուսակում, վեցերորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Անկախ Հայաստանի իրականության մեջ առաջինը ժամանակակից գրողներից Լևոն Խեչոյանն էր, որ, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից (չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ), հրատարակեց իր ստեղծագործությունը: Դա 1995թ. էր: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը գրադարաններում: Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, ինչը Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների անկախ հայկական պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ: Վեպի խոր ենթաշերտերի ընկալումը կօգնի պատկերացնել մերօրյա իրականության բազմաթիվ հասարակական-քաղաքական խնդիրներ ու, պատմության փորձն աչքի առաջ ունենալով, առավել հստակ պատկերացնել դրանց լուծման ուղիները:
Վարկանիշային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում ֆրանսիացի արձակագիր ու թատերագիր Ալբեր Քամյուի «Ժանտախտը» ստեղծագործությունն է: Այն նույնպես առաջին անգամ է տեղ գտել ցանկում: Սրան հաջորդում ենԱլեքսանդր Շիրվանզադեի«Քաոս», «Պատվի համար» եւՕնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը»ստեղծագործություններն ամփոփող գրքերը:
Ցանկը եզրափակվում է դարձյալ առաջին անգամ ընդգրկված գիրքով` Պարույր Սևակի «Ընտիր էջեր»-ով: Այն կազմել է Սևակի որդին` բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ղազարյանը: Ժողովածուն կազմելիս հրատարակչությունը հայ մեծագույն բանաստեղծի լավագույն բանաստեղծությունների հետ ընդգրկել է նաև այն նյութերը, որոնք նախատեսված են դպրոցական ծրագրի շրջանակներում: Ժողովածուի վերջին էջերում տեղ է գտել «Անցյալը ներկայացած» ծավալուն ինքնակենսագրականը, որը ժամանակին Սևակը գրել է «Вопросы литературы» մոսկովյան ամսագրի պատվերով:
Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
| 1 | +6 |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» և «Տաղեր» |
Զանգակ | 24 | |
| 2 | * |
Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 22 | |
| 3 | -2 |
Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը» |
Բուկինիստ | 21 | |
| 4 | * |
Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» |
ՎԱ-ՀԱ | 19 | |
| 5 | * |
Աքրամ Այլիսլի «Քարե երազներ» |
Գրաբեր | 14 | |
| 6 | Նոր |
Լևոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» |
Անտարես | 13 | |
| 7 | Նոր |
Ալբեր Քամյու «Ժանտախտը» |
Ապոլոն | 10 | |
| 8 | Նոր |
Ալեքսանդր Շիրվանզադե «Քաոս», «Պատվի համար» |
Անտարես | 8 | |
| 9 | * |
Օնորե դ’Բալզակ «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը» |
Նաիրի | 6 | |
| 10 | Նոր |
Պարույր Սևակ «Ընտիր էջեր» |
Արեգ | 5 |