Երևանյան բեսթսելլեր

Երևանյան բեսթսելեր 38. Մեծ պահանջարկը ստիպել է վերահրատարակել «Մատյան ողբերգության» պոեմն ու Նարեկացու տաղերը

9 րոպեի ընթերցում

Երևանյան բեսթսելեր 38. Մեծ պահանջարկը ստիպել է վերահրատարակել «Մատյան ողբերգության» պոեմն ու Նարեկացու տաղերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» նախագիծը շարունակում է նպաստել գրքի վաճառքի խթանմանը և հրատարակչությունների աշխատանքին: Որպես վառ ապացույց` նախագիծը ներկայացնում է ամենապահանջված գրքերից մեկի վերահրատարակությունը: Վերջին յոթ օրվա ընթացքում երևանյան գրախանութներում ամենաշատ վաճառված գիրքը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է, որը «Զանգակ» հրատարակչության վերահրատարակած նոր գիրքն է: Այն ներառում է նաև Նարեկացու տաղերը: Ինչպես գրել է «Զանգակ» հրատարակչությունը, Նարեկացու հայտնությամբ հայ գեղարվեստական մտածողությունը մտնում է միանգամայն նոր փուլ: Նարեկացին «Մատյան ողբերգության. Տաղեր» գրքում իր աստվածային հավատը վերածում է խոսքի և գեղարվեստական հյուսվածքին հաղորդում հոգիների վրա ներգործելու տիրական ազդեցություն: Դա կենդանի խոսք է, որ թափանցում է մարդու հոգու խորքը և ապրեցնում նրան, իսկ եթե հիվանդ է՝ բուժում: Նարեկացին այն ճշմարիտ հավատացյալներից մեկն է, ով դասվել է սրբերի շարքը և հավերժական փառք նվաճել իր աստվածային հանճարով:

Երկրորդ հորիզոնականում մոսկվաբնակ հայ ժամանակակից գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» անատոլիական պատմությունն է: Այս գիրքը մշտապես եղել է վարկանիշային աղյուսակի կազմում և հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, ինչը շատ կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդների շրջանում: Վեպում նկարագրվում են նախկին թուրք հայատյացզինվորականի ապրումները, երբ նա տարեց հասակում հանկարծ իր մորից լսում է միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, ծնողներն էլ հայեր են եղել։ Պաշտոնաթող զինվորականն այնուհետև շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրն իրականում թյուրիմացություն է:

Բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպն այս անգամ երրորդ հորիզոնակլանում է: Այն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ընդգրկված է վարկանիշային աղյուսակում: Գիրքն այսուհետ վաճառվում է նոր` «Բուկինիստ» հրատարակչության տարբերակով: Այս ստեղծագործությունն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: Այն վաճառքի մեծ ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում: «Ալքիմիկոս»-ի` աշխարհում վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի ցուցանիշը:

Չորրորդ հորիզոնականում կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկնեռին» վիպակն է: Այն 2010թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:

Հինգերորդ հորիզոնականում գերմանացի գրող Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը» ստեղծագործությունն է: Այն պատմում է Ֆրիդրիխ անունով մի մարդու մասին, ով պարապում է հոգևոր առարկաներ և տիրապետում բազմապիսի գիտելիքների: Նրա համար ամենակարևորը տրամաբանությունն է և դրանից հետո միայն գիտությունը: Չնայած հերոսի ազատամիտ լիելու հանգամանքին, այնուամենայնիվ, նա իրեն կրոնի հանդեպ հանդուրժողաբար է պահում, սակայն նրա համար խորապես ատելի ու անընդունելի է այն ամենը, ինչ ինքը սնոտիապաշտություն է համարում: Գիրքը նոր հրատարակություն չունի, և վաճառվում է 1990-ական թթ. տպագրված տարբերակը:

«Երևանյան բեսթսելեր»-ի ցանկում չի դադարում ներառվել ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը: Այն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում է: Գիրքը սպասվածից առավել հետաքրքրությամբ ընթերցվեց և գնահատվեց: Վեպն ապացուցեց, որ հայ հասարակությունն անհամբեր նման անդրադարձի էր սպասում` հատկապես, երբ պատմության այդ էջերին անդրադարձը կատարել է ադրբեջանցին: «Քարե երազներ»-ը պատմում է 1989թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Հեղինակը ներկայացնում է ադրբեջանցի երկու ընկերների հոգեվիճակը հայերին դժբախտ ու անօգնական տեսնելու պահին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են նրանք քննադատում ու քարկոծում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մեծ ցանկություն հայտնում` ոտքով գալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման:

Հրեական ծագումով ավստրիացի նշանավոր գրող Ֆրանց Կաֆկայի «Դղյակը», որն առաջին անգամ է ներառված գործակալության վարկանիշային աղյուսակում, յոթերորդ հորիզոնականում է: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:

Ութերորդ հորիզոնականում ամերիկյան գրող Հենրի Միլլերի` փարիզյան կյանքի մասին պատմող և ժամանակին արգելված գրականության շարքին դասված «Խեցգետնի արևադարձը» գիրքն է: Վեպն «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարի առաջին գիրքն է: Այն ժամանակին արգելված է եղել անպարկեշտ բառապաշարի համար:

Ժամանակակից գրող, Ռումինիայի էկոնոմիկայի նախկին նախարար Վարուժան Ոսկանյանի«Շշուկների մատյան»վեպը իններորդ հորիզոնականում է: Այն պարբերաբար ընդգրկվում է «Արմենպրես» լրատվական գործակալության հեղինակային նախագծի ցանկում: Գիրքը բնութագրվել է որպես գրական հայտնություն: «Շշուկների մատյանը» հրատարակվել է 2009թ.և համարվել Ռումինիայի տարվա լավագույն գրական ստեղծագործությունը` արժանանալով Ռումինական ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, առաջիկայում նախատեսված է թարգմանել եբրայերեն, շվեդերեն, գերմաներեն և բուլղարերեն: Արժանացել է միջազգային մամուլի և գրական շրջանակների բարձր գնահատականներին: Իսպանական Էլ Պաիս (El Pais) թերթը գրել է, որ «Շշուկների մատյան»-ը «թովիչ գեղեցկության վեպ է»:

Այս շաբաթվա վարկանիշային աղյուսակը եզրափակում են ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը» ստեղծագործությունները, որոնք արդեն երկրորդ անգամ են ընդգրկվում «Երևանյան բեսթսելեր»-ի ցանկում: Այս շաբաթ նրանք զբաղեցնում են տասներորդ հորիզոնականը: Այդ ստեղծագործությունները հայտնի են գրեթե բոլորին:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական և ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 Նոր

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության», «Տաղեր»

Զանգակ 36
2 +3 Մարկ Արեն

«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»

Տիգրան Մեծ 24
3 -2

Պաուլո Կոելյո «Ալքիմիկոսը»

Բուկինիստ 20
4 -2

Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»

ՎԱ-ՀԱ 16
5 +1

Հերման Հեսսե «Ներսը և դուրսը»

Ապոլոն 10
6 *

Աքրամ Այլիսի «Քարե երազներ»

Գրաբեր 8
7 Նոր

Ֆրանց Կաֆկա «Դղյակը»

Ապոլոն 7
8 *

Հենրի Միլլեր «Խեցգետնի արևադարձը»

Անտարես 6
9 *

Վարուժան Ոսկանյան «Շշուկների մատյան»

ՀԳՄ 5
10 -2

Օնորե դ'Բալզակ «Շագրենի կաշին», Երեսնամյա կինը» Ապոլոն 5

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում