Արմեն Գեւորգյանը ՀՀ-ում ԱՄԷ նորանշանակ դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացման հարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական եւ տեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Արաբական էմիրությունների նորանշանակ դեսպան Սայիֆ Մոհամմեդ ալ Զաաբիին (նստավայրը՝ Թեհրան):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Տարածքային կառավարման նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխվարչապետը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր հետագա գործունեությամբ կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընդլայնման, առեւտրատնտեսական կապերի զարգացման, միջկառավարական հանձնաժողովի գործունեությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն արձանագրել են, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ: Առեւտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից նրանք կարեւորել են միջկառավարական հանձնաժողովի դերը: Քննարկվել են նաեւ հանձնաժողովի առաջին նիստի անցկացման ժամկետների, օրակարգի հետ կապված հարցեր:

Կողմերն անդրադարձել են Հայաստանում ԱՄԷ դեսպանության բացման անհրաժեշտությանը` ընդգծելով, որ դրանով նոր որակ կհաղորդվի երկկողմ հարաբերություններին:

Դեսպանը նշել է, որ Էմիրություններում հետաքրքրված են Հայաստանի հետ առավել սերտ համագործակցությամբ` պատրաստակամություն հայտնելով իր գործունեությամբ նպաստել փոխգործակցության խորացմանը:

Հայերեն Русский