Հայաստան

Մաքենիսի արքայական վանքը

19 րոպեի ընթերցում

Մաքենիսի արքայական վանքը

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում է գտնվում Մաքենիսի արքայական ու հռչակավոր վանքը, որը համարվում է հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային կենտրոններից մեկը։  Այն դարեր շարունակ սնուցել է մեր ժողովրդի մտքի ու ոգու անդաստանը, հարստացրել հայոց լեզուն ու մշակույթը, զարգացրել կրթությունն ու պատմագրությունը, միշտ եղել  ազգապահպանության ու հայապահպանության բարձր  դիրքերում։

Համալիրը բաղկացած է 37 միավոր ենթահուշարձաններից, որոնցից գլխավորներն են՝ Սուրբ  Աստվածածին եկեղեցին, գավիթը, երկու թաղածածկ եկեղեցիները, մեկ միանավ եկեղեցին, գերեզմանոցը եւ պարիսպը:

Ս. Աստվածածնի գլխավոր տաճարը գտնվում է բակի ներսում: Այն իրենից ներկայացնում է ներքուստ խաչաձեւ գմբեթավոր կառույց:  Անկյուններում ունի խորաններ: Այստեղ երեւում են նաև բազմաթիվ խուցերի եւ այլ կառույցների ավերակներ: Պատերին ունեցել է քանդակներ ու որմնանկարներ: Եկեղեցու շրջակայքում պահպանվել են խաչքարեր, որոնք ժամանակագրական առումով համապատասխանում են 9-10-րդ  դարերին:

Ս. Աստվածածնի արեւմտյան կողմում է գտնվում  10-րդ դարում ավելացրած հասարակ գավիթը: Ս. Աստվածածնի արեւմտյան կողմում էր գտնվում 7-րդ դարում կառուցված միանավ եկեղեցին, որն ամբողջովին ավերված է:

Մաքենիսի վանական համալիրը  վեր է խոյանում Վարդենիսի լեռնաշղթայի հյուսիսային փեշին, Մաքենիս գետի աջ ափին, ծովի մակերեւույթից 2200 մետր բարձրության վրա։ Այս հոգեւոր կառույցի գործունեության մասին գրավոր հիշատակությունները թեեւ վերաբերում են 7-րդ դարին, սակայն որոշ փաստեր խոսում են այն մասին, որ այստեղ  հոգեւոր-մշակութային կյանքը սկզբնավորվել է շատ ավելի վաղ, նախաքրիստոնեական ժամանակներում։

Մաքենավանքից մոտ 2,5 կիլոմետր հեռավորությամբ գտնվում է Քրիստոսից առաջ 2-րդ հազարամյակում թվագրվող դամբարանադաշտ, իսկ մի քանի կիլոմետր դեպի հարավ, Ախպրաձորի տարածքում, տարածվում են Անտիկ դարաշրջանին վերաբերող քաղաք-բնակավայր ավերակները, որոնց ուսումնասիրությամբ զբաղվել է հայ-իտալական հնագիտական միացյալ արշավախումբը 1990-ական թվականների վերջերին։ Այդ բնակավայրը արշավախմբի կողմից ստացել է Սաթենա խորհրդանշական անունը՝ ի պատիվ հայոց թագուհի Սաթենիկի։ Այսօր էլ պարզ նշմարվում են այդ քաղաքի հատակագծված հրապարակը, ճանապարհները, ջրամատակարարման համակարգի հետքերը։

Բացի այդ, 2014 թվականին ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կողմից կատարված հնագիտական պեղումների եւ ուսումնասիրությունների արդյունքում նույն Ախպրաձորում հայտնաբերվեց  մի նոր հնագույն բնակատեղի-հուշարձան, որը վերաբերում է Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի կեսին կամ միջին բրոնզեդարյան ժամանակաշրջանին։ Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը տողերիս հեղինակին տված հարցազրույցում փաստեց, դատելով հայտնաբերված նյութերի ուսումնասիրությունների արդյունքներից, որ Ախպրաձորի ու նրան շրջապատող մի շարք բնակավայրերի, այդ թվում եւ Մաքենիսի տարածքները եղել են ե՛ւ  մշտական, եւ խիտ բնակեցված՝ խոր հնադարից մինչ մեր օրերը։ Ու պետք չէ բացառել, որ Մաքենիսի վանքը հենց վեր բարձրացած լինի հեթանոսական տաճարի ավերակների վրա՝ հաշվի առնելով նաեւ նրա բարձրադիր, իշխող դիրք ունեցող տեղանքը, արեւմտյան կողմից Մաքենիս գետի ափից վեր բարձրացող ժայռեղեն բնական պատնեշը։  

Ավելին, ինչպես վկայել է հայ ազգային ու եկեղեցական նշանավոր գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը, 1862 թվականին այցելելով Գեղարքունիքի մարզի բնակավայրեր ու Մաքենյաց վանք, ինքը Հովհաննես անունով վանահորից տեղեկացել է, որ  Մաքենյաց վանքի մոտ մի բլրակի միջից եւս դուրս է եկել հնադարյան աղյուս՝ զանազան նկարներով զարդարված, ինչը, անշուշտ, փաստում է Ուրարտու պետության կողմից այս տարածքի նվաճման, ուրարտական մշակույթի տարածման ու հաստատման մասին։

Գտնվելով Արցախ տանող ճանապարհներից մեկի հանգույցում՝ Մաքենյաց վանքը շատ հաճախակի ենթարկվել է նաեւ օտար նվաճողների կրկնվող ասպատակություններին, նաեւ՝ բնական աղետներին, սակայն կարողացել է դիմակայել բոլոր դաժան փորձություններին ու սերունդներին ներկայանալ կանգուն, փառահեղ տեսքով։

Մաքենյաց վանքի գործունեության մասին պահպանված է բավականաչափ հարուստ գրականություն, որով եւ կարելի է գաղափար կազմել նրա փառքի, հազարամյակներ շարունակ  անցած ճանապարհի ու թողած հոգեւոր ժառանգության մասին։  

Շատ ավելի ակնածելի է այն, որ Մաքենյաց վանքը դարերով  եղել է ազգային ազատագրական շարժումներն ուղղորդող, շունչ ու ոգի հաղորդող, աշխարհիկ իշխանության հետ ձեռք ձեռքի պայքարող կառույց։

 Մաքենյաց վանքի առաջնորդ, «Հայրերի հայր Սողոմոն Վարդապետը  701 թվականին կազմել է Տերունական տոների լուսաբանությունը եւ նահատակների հիշատակարանը՝ Տոնացույցը, որը կոչվում է «Վարք սրբոց» եւ «Հայսմավուրք»։

 8-9-րդ դարերում Մաքենյաց վանքի դպրոցում ուսանել են Ստեփանոս Սյունեցին, Վահան Գողթնացին, կաթողիկոսներ Սողոմոն Ա Գառնեցին, Մաշտոց Ա Եղվարդեցին, Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը, ով հայտնի է նաեւ որպես հայ անվանի մատենագիր։

Իսկ ո՞վ է եղել Վահան Գողթնացին, ում պատվին շարական է գրել նրա քույր, 8-րդ դարի հայ բանաստեղծուհի Խոսրովիդուխտ Գողթնացին։

Նա Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված անձնավորություն է, իշխան Խոսրով Գողթնացու որդին։ Վերջինս այն հայ անվանի իշխաններից շարքում էր, որոնց  արաբական տիրապետության շրջանում 705 թվականին նենգ խաբեությամբ հավաքելով Նախճավանի եւ Խրամի եկեղեցիներում՝ արաբ հրոսակները կենդանի հրկիզել են։ Ըստ հայ մատենագիրների հաղորդած տեղեկությունների՝ այս ոճրագործության զոհերի թիվն անցել է 1200-ը։ Նախարարական այլ ընտանիքների հետ արաբները գերել եւ Դամասկոս  են ուղարկել նաեւ մանուկ Վահան Գողթնացուն։ Դամասկոսում իսլամացրել են հայ մանուկներին՝ իսլամ ուսուցանելով եւ դաստիարակելով իսլամական ոգով։ Այստեղ առաջադիմությամբ աչքի է ընկել Վահան Գողթնացին, որին կոչել են Վահաբ։ Ուսումն ավարտելուց հետո նրան նշանակել են ամիրապետի ատենադպիր։ Վահան Գողթնացին, թեեւ իսլամացած ու արաբացած, սակայն տեղյակ էր իր քրիստոնյա իշխանական տոհմից սերված ու հայ լինելուն։ Երբ Հովհաննես Գ Օձնեցու  միջնորդությամբ 719 թվականին ընդհանուր ներում եւ վերադարձի իրավունք է շնորհվել գերյալ քրիստոնյաներին, Վահան Գողթնացին եւս, պատճառաբանելով, որ կամենում է վերականգնել իր իշխանական  իրավունքները Գողթն գավառում, Էոմեր ամիրապետից թույլտվություն է ստացել և վերադարձել Հայաստան։ Օմար II խալիֆայի մահից  հետո վերստին ընդունել է քրիստոնեություն։ Շրջել է վանքից վանք և ճգնել Շիրակ գավառում, ապա ամուսնացել է Սյունյաց իշխանի դստեր հետ՝ կամենալով վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Սակայն Վահան Գողթնացուն, որպես իսլամն ուրացածի, փնտրել է արաբական իշխանությունը։ Արաբները հետապնդել են նրան, կանչել Ռուծափ, որտեղ Հիշամ խալիֆան պահանջել է հրաժարվել քրիստոնեությունից եւ վերադառնալ արքունիք։ Վահան Գողթնացին, Հիսուսին Տեր եւ Փրկիչ վկայելու եւ հանուն նրա իր արյունը թափելու հաստատ որոշմամբ, ամիրապետին խոստովանել է քրիստոնեություն ընդունած լինելը։ Անհողդողդ դավանել է Հիսուսին՝ որպես Աստծո Որդու եւ, արհամարհելով սպառնալիքներն ու չարչարանքները, մարտիրոսական պսակ ընդունել՝ գլխատմամբ։ 744  թվականին Վահան Գողթնացու վարքը գրի է առել Երաշխավոր վանքի  վանահայր  Արտավազդ վարդապետը։ Ըստ «Հայսմավուրքի» մարտի 28-ին նշվել է նրա տոնը։ Հայ եկեղեցին ս. Վահան Գողթնացու հիշատակը տոնում է «Ապայից» կոչվող տոների շարքում՝ Վարդավառից հետո 3-րդ կամ 4-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի կամ երեքշաբթի կամ հինգշաբթի օրերին և, տարեգրերի հետ կապված, նաև ուրիշ օրերի, իսկ երբեմն էլ՝ այլ սրբերի հիշատակի հետ։

«...Որպես զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ, կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ…»,-գրում է Խսորովիդուխտ Գողթնացին իր սրբացած եղբորը ձոնված շարականում։  Կյանքի ընդամենը 37 գարուն բոլորած, հանուն ազգային ինքնության ու հավատի զոհ գնացած այս այրը Մաքենյաց վանքում անցկացրել ու ճգնել է 4 տարի։  

Մաքենյաց վանքը, սրբերի  երանելի ներկայությունից բացի, կրել է նաեւ արյունարբու դահիճների սորսափը, ավերն  ու նողկանքը։  Այսպես, 728 թվականին Ատրպատականից պարսիկ Բաբանի հրոսակները, ինչպես վկայում է Ստեփանոս Օրբելյանը,  ներխուժել են Գեղարքունիք գավառ, սրի  քաշել 15 հազար հոգու, կողոպտել Մաքենյաց վանքը, այրել ու ավերել վանքի բոլոր շինությունները։ Մինչ այդ, խույս տալով վտանգից, Մաքենյաց վանքի միաբանության կեսը, Սողոմոն վարդապետի գլխավորությամբ, տեղափոխվել է Զրեսկ վանք, մյուս կեսը՝ Արցախի Եղիշե Առաքյալի վանքը ։ Լքված և ավերված վանքը 788 թվականին վերականգնել է Հայոց կաթողիկոս Սողոմոն Ա Գառնեցին ։ 855 թվականին Մաքենյաց վանքում է թաղվել Հովհաննես Դ Ովայեցի կաթողիկոսը, որը վախճանվել էր Գեղարքունիք հովվական այցելության ժամանակ։

Մաքենյաց վանքը նոր շունչ ու կենդանություն է առել 9-րդ դարի վերջին, երբ Հայաստանում հետզհետե թոթափվում է արաբական եղկելի լուծը, եւ Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանի ու նրա կին Մարիամ  Բագրատունու երեւելի զավակ Գրիգոր Սուփան իշխանը  միանավ բազիլիկ եկեղեցուն հյուսիս-արևելքից կից սրբատաշ տուֆով կառուցել է Ս. Աստվածածին եկեղեցին, վանքը շրջապատել բարձր պարիսպով։  Նա Մաքենյաց վանքին նվիրել է այգիներ՝ Գառնիում, Երեւանում Եղեգիսում, 5 կրպակ՝ Անիում, նախիրներ և հարստություն։ Գրիգոր Սուփանի թողած ընդարձակ արձանագրությունն ամբողջությամբ մեջ է բերել Ստեփանոս Օրբելյանը․ «Կամավն Աստուծոյ, ես, Սուփան Սյունյաց իշխան, շինեցի զՄաքենացոց  եկեղեցիս եւ անխնայաբար զարդարեցի պատվական սպասովք եւ աստվածային կտակարանոք․ Եւ ետու  զսեփական տեղն մեր ի սա որ ըստ անվան եկեղեցվոյս Աստվածածին ասի, յուր ամենայն սահմանոք, լերամբ եւ դաշտիվ։ Եւ էտու որս ձկանց զՔողաշեն՝ սեղանոյն Չ/700/ դրամ ի Դեղձանագետոյ ղապալեն Մ/200/ դրամ ի Կաթկայ,ՅԾ/350/ յԱնմեռեն, որ լինի ՌՄԾ/1250/ դրամ։ Եւ էտու Ե/5/ կուղպակս յԱնիեւ Ե /5/ այգի յԵրեւան եւ Շ/500/առու այգի ի գյուղաքաղաքն Գառնի, Բ այգի յԵղեգիս, , եւ զամենայն պէտս սուրբ եղբայրությանս լցի առատապես եւ փարթամացուցի ներքոյ եւ արտաքոյ․Ետու եւ ջոլիրս եզանց եւ ջոկս զվարակացեւ անդեայս եւ հոտս ոչխարաց․․․»

Ընդարձակ այս արձանագրությունը հավաստում է առ այն, որ արաբական լուծը թոթափած Հայաստանը Բագրատունիների թագավորության ու Սյունյաց նախարարական տան ջանքերով ձեռնարկել է ազգային վերածննդի հաստատուն ու խիզախ քայլերը՝ հայկականության շունչը տարածելով սուրբ նախնյաց հայրենիքում։

Անդրադառնալով այս արձանագրությանը՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը եւ Սեդրակ Բարխուդարյանը հավաստում են, որ ժամանակի ընթացքում, փլվելու կամ ավերածությունների պատճառով արձանագրություն կրող որոշ քարեր ընկել են, անհետացել, սակայն պահպանված քարերի մի մասը դեռեւս կարող են հավաստել իշխանական այս արձանագրության իսկությունը, որն անչափ կարեւոր վավերագիր է մեր հայրենիքի պատմության համար։

Մեքենյաց վանքը, հզորանալով, անկախացել է Սյունյաց մետրոպոլիտությունից եւ իշխել ու հոգեւոր ղեկավարություն իրականացրել ողջ Գեղարքունիք գավառում՝ միայն 1513 թվականին ընդունելով Տաթեւի վանքի գերակայությունը։ 16-րդ դարում, ըստ վանքի ներսի պատին պահպանված արձանագրության, այն  նորոգել է Մելիքբեկը, 1666 թվականին՝ վանահայր Խաչատուր Ջուղայեցին։

Մաքենյաց վանքը վերջին անգամ նորոգումների ու վերականգնման է ենթարկվել 1980-ական թվականներին, ՀԽՍՀ Հուշարձանների պահպանության վարչության կողմից։ Վերականգնվել են գմբեթը, մյուս քանդված հատվածները, սալարկված հատակի քանդված տեղերը։ 2010-ական թվականներին բարերար Մակեդոն Ամիրզադյանի  միջոցներով վերականգնվել է վանքի քանդված պարիսպը։  

2014 թվականին մաքենիսցի բարերաներ Հրանտ եւ Արսեն Մանուկյան եղբայրները պատրաստել են տվել 60 կիլոգրամանոց պղնձակուռ զանգը, որը տեղադրվել եւ օծվել է  նույն տարվա հոկտեմբեր ամսին։

Մաքենյաց վանք բերող Ծովակ-Ախպրաձոր միջհամայնքային ճանապարհը հիմնանորոգվեց 2020-2021  թվականների ընթացքում, ՀՀ կառավարության միջոցներով, ինչի արդյունքում այսօր տարածքում զարգանում է զբոսաշրջությունը, տնտեսական ակտիվություն է նկատվում Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր ու Ծովակ գյուղերում, կտրուկ ավելացել է սրբավայր այցելող մարդկանց թիվը։

18-րդ դարում Մեքենյաց վանքի թեմում եղել են Գեղարքունիքի 50 գյուղ եւ 5 անապատ։ Վանքում պահվել է «Մաքենյաց ս. Նշան» խաչը՝ Կենաց փայտի մասունքով, որը բերվել է Եդեսիայից, 11-րդ դարում։  

1170 թվականին Ներսես Շնորհալին  Մեքենյաց վանքում վերցրել է այնտեղ մշակված եկեղեցական կանոնակարգը՝ հայկական մյուս վանքերում կիրառելու համար։

Այստեղ 1496 թվականին  ստեղծվել է ձեռագիր Ավետարան, որն այժմ պահպանվում է Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։  

Մաքենիսի վանքը,  նրա հոգեւոր առաջնորդներն ու սպասավորները շատ ծանր նեղություններ են կրել թե՛ սելջուկյան, թե՛  թաթար-մոնղոլական, թե՛ Սեֆյան Իրանի  տիրապետությունների շրջանում հաճախակի կրկնվող ասպատակությունների ժամանակ, սակայն կործանարար ժամանակաշրջանը վրա է հասել այն ժամանակ միայն, երբ 18-րդ դարում Մաքենիսի վանքի շրջակա գյուղերը լիովին հայաթափվել են մահմեդականների եռանդուն ջանքերով ,  ոճրագործ արարքներով ու քաղաքականությամբ։

Մաքենիսի տարածքը զավթած թուրքերը գյուղը կոչել են Կզլվանք, այսինքն՝ ոսկե վանք։ Գուցե թե զավթիչներին հաջողվել է գտնել ու յուրացնել վանքի գանձարանը։

Մաքենյաց վանքը 1862 թվականին լքված ու ավեր է գտել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։ Նույն վիճակն է նկարագրում նաեւ ականավոր մյուս հայագետ Երվանդ Լալայանը, ով 1910-ական թվականներին այցելել է այստեղ։ «Ղըզըլվանքը թրքաբնակ մի աննշան գյուղ է լեռան լանջին՝ իր առաջ ունենալով մի սքանչելի տեսարան։ Գյուղի ծայրին բարձրանում է Մաքինյաց հռչակավոր վանքը՝ կիսակործան եւ անխնամ»,-գրում է Երվանդ Լալայանը։

Հուշարձանների պահպանության պետական ցանկում Մաքենիս գյուղից ընդգրկված են Մաքենավանքից 200 մետր դեպի հյուսիս ընկած 15-17-րդ դարերի գերեզմանոցը՝ խաչքար-տապանաքարերով, մաքենիսցի Հովհաննես Սարոյանի տնամերձում գտնվող 15-16-րդ դարերում թվագրվող երկու խաչքարերը, 2,5 կիլոմետր դեպի հարավ-արեւելք տարածվող դամբարանադաշտը, 7-20-րդ դարերով թվագրվող պատմական գերեզմանոցը, 9-18-րդ դարերով թվագրվող խաչքարերը, որոնց մի մասն արձանագիր են՝ իրենց վրա պահպանելով Երեմի, Ենոքի, Կուլջահանի, Դաստակուլի, Սանդուխտի, Տեր Պետրոսի, Հովհաննես Սարկավագի, Շահալամի, Շմավոնի, Հրեղիի, Նանի, Նասիպի անունները։

Մաքենյաց վանքը, հռչակավոր լինելուց զատ,  համարվում է հայ ժողովրդի գլխավոր ուխտավայրերից ու սրբավայրերից մեկը։ Այստեղ տարվա բոլոր եղանակներին ուխտի են գալիս հայ ժողովրդի հավատավոր զավակները Հայաստանի տարբեր շեներից ու աշխարհի բոլոր ծագերից՝ կատարելու իրենց Ուխտը, խոնարհումն ու հոգու պարտքը, հաղորդվելու նախնյաց սուրբ հոգիներին ու ազգային արժեքներին, առ Աստված երանավետ աղոթք բարձրացնելու։

Մաքենյանց վանքը վեր է խոյանում բնության գողտրիկ, խորհրդավոր, դրախտային մի անկյունում, ուր կյանքում գոնե մեկ անգամ հայտնվող մարդն անմիջապես զգում է բնության զորավոր ու անկրկնելի ուժը, ձգող էներգիան, լեռներից սրընթաց ցած հոսող գետի ջրերի շառաչի միախառնումը մեղմ կամ հուժկու քամիների սլացքին, երկնքից շողշողացող արեւի ճառագայթներին, վայրի հավքերի դայլայլին, մարդկային բարբառին։ Չորս կողմից բարձրաբերձ, տեղ-տեղ ձյունապատ լեռնակատարներ են, ալպյան մարգագետիններով հարուստ սարալանջեր, քչքչան աղբյուրներ, գարնանային, ամառային ու աշնանային բազմերանգ ծաղիկներ, խորունկ ձորեր, իսկ խստաշունչ ձմռանը՝ ձնապատ ու ձնառատ մի ողջ աշխարհ, ուր անկանոն թափառում է «Վիշապաձայն բուքը վսեմ»։ Իսկ որ կարեւորն է՝ Մաքենյաց վանքին այսօր շրջապատում են  արարչագործ զորության մեջ ապրող հայկական շեները։ Այս ամենին գումարվում է  Միջնադարյան Հայաստանի պատմաճարտարապետական այս սքանչելի կոթողի անկրկնելի, բացառիկ գեղեցկությունը, որն անխոս պատմում է սերունդերին հայ մարդու մտքի թռիչքների, հոգու վեհության, ծաղկող ու քանդակող ձեռքերի զորության, անսանան կամքի ու հավատի մասին։

Մաքնյաց վանքը հայ ժողովրդի հոգու հավերժական կանչն է, որ միշտ սպասում է իր օրհնյալ ուխտավոր զավակներին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում