Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում
2 րոպեի ընթերցում

Սևանի թերակղզի-Շողակաթ 40 կմ ճանապարհահատվածում սեպտեմբերի 12-ին կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզի երկու դպրոց մրցանակային տեղեր է նվաճել տարիքային երկու խմբերում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սիրողական հեծանվավազքի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի 10 մարզի և Երևանի 22 թիմեր։
10-12-րդ դասարանների մրցապայքարում Գեղարքունիքի մարզից մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ իրենից առաջ թողնելով Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմին։
7-9-րդ դասարանների մրցապայքարում 3-րդ տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը՝ զիջելով Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ և Արարատի մարզի Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերին։
Առաջին տարիքային խմբի հաղթող թիմերի պարգևները հանձնել է հեծանվավազքի օլիմպիական չեմպիոն, իսպանացի Սամուել Սանչեսը, կրտսեր տարիքային խմբի հաղթողների մրցանակները՝ RCS Sports & Events ընկերության գլխավոր գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։
Երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։
«Այս երկու նվաճումները փաստում են, որ մեր մարզի դպրոցներում հուսալի հիմքերի վրա է դրվում հեծանվային սպորտի զարգացումը, ու առաջիկա մրցաշարերում մեր դպրոցականները կարող են հասնել ավելի ծանրակշիռ արդյունքների»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։