Մարզեր

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

3 րոպեի ընթերցում

Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի բնակավայրերում «Մասնակցային բյուջետավորում-2026» ծրագրի շրջանակներում իրականացվում են շինարարական աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագրի շրջանակներում իրականացվում է չորս ծրագիր՝ «Առողջ և ակտիվ երիտասարդություն․ Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով տարածքի վերանորոգում», «Երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնում․ Ծաղկունք բնակավայրում՝ մանկապարտեզի չգործող մասնաշենքում», «Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ․ Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրում» և «Առողջ միջավայր․ բազմաֆունկցիոնալ մարզադաշտ Վարսերում»։

Համայնքապետարանի աշխատակազմից հայտնել են, որ հիշյալ չորս ծրագրի իրականացման նպատակով հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, իսկ պայմանագրերը՝ կնքվել։ Ծրագրերով նախատեսված աշխատանքներն այժմ գտնվում են շինարարության, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի ձեռքբերման փուլերում։

«Առողջ և ակտիվ երիտասարդություն» ծրագրի շրջանակներում Գեղամավան բնակավայրում երիտասարդական կենտրոնի ստեղծման նպատակով իրականացվող տարածքի վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Գույքի մեծ մասն արդեն ձեռք է բերվել, իսկ մյուս մասի ձեռքբերման գործընթացը շարունակվում է։

Ծաղկունք բնակավայրում՝ մանկապարտեզի չգործող մասնաշենքում, երիտասարդության զբաղվածության կենտրոնի հիմնելու ծրագրով շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Դդմաշեն բնակավայրում «Հարմարեցված տրանսպորտային կանգառներ և նստարաններ» ծրագրի շրջանակներում ներկայումս իրականացվում են նախապատրաստական և ընթացիկ աշխատանքներ, որոնց ավարտից հետո կտեղադրվեն կանգառների տաղավարներն ու նստարանները։

Վարսեր բնակավայրում «Առողջ միջավայր» բազմաֆունկցիոնալ մարզադաշտի կառուցման ծրագրի շրջանակներում ևս մեկնարկել են շինարարական աշխատանքները։ Ներկայումս իրականացվում են մարզադաշտի տարածքի հարթեցման աշխատանքները։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմից նշել են, որ նախատեսվում է բոլոր չորս ծրագրերն ավարտել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում