Մարզեր

Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել

2 րոպեի ընթերցում

Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք գյուղում սեպտեմբերի 17-ի առավոտյան հարյուրավոր գլուխ ոչխարների ու գառների անկման դեպք է արձանագրվել։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սևանի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի վարիչ Ռադիկ Մանուկյանը, գրեթե նույնությամբ, նույն վայրում կրկնվել է այս տարվա հունիսի 6-ին արձանագրված դեպքը Ծաղկունք գյուղի բնակիչ Գուրգեն Գևորգյանի փարախում,  երբ անկած 208 գլուխ ոչխարները հոշոտված չեն եղել, կենդանիների մարմնների վրա ծակված կամ ճանկռված տեղեր չեն նկատվել։

Այս անգամ էլ արտակարգ այս դեպքը դժվար է կապել գայլերի հարձակման հետ։ Միայն տարբերությունն այն է, որ այս անգամ անկած ոչխարների թիվը որոշակիորեն ավելին է նախորդից՝ հասնելով մոտ 300-ի։

«Գուրգեն Գևորգյանն իր տնտեսության փարախում պահում է իր ու գյուղացիների ոչխարները։ Վաղ առավոտյան նա նկատել է, որ ոչխարները կուտակված են իրար վրա, որոնց մի մասը չի շարժվում։ Դժվար է առայժմ եզրակացնել, թե ինչի հետևանքով են սատկել ոչխարները։ Միայն փաստն այն է, որ այդ 300 գլուխ ոչխարները կուտակված են եղել 20-25 քառակուսի մետր տարածքում, իրար վրա, մի քանի շերտով։ Վերևի շերտում գտնվող կենդանիները ողջ են, կենսունակ վիճակում, մինչդեռ ներքևի շերտում գտնվածներն անկենդան են և ունեցել են քթային արնահոսություն։ 

Վաղ առավոտվանից այստեղ են ժամանել ՀՀ ՆԳՆ Սևանի ոստիկանության, փրկարար ծառայության աշխատակիցները, Գեղարքունիքի մարզպետի և Սևանի համայնքապետարանի աշխատակազմերի ներկայացուցիչները, համայնքի անասնաբույժը, մասնագիտական այլ կառույցների աշխատողներ։ Առայժմ դժվարանում ենք պարզել այս առեղծվածը, որը նույն տարում կրկնվում է երկրորդ անգամ։ Բոլոր դեպքերում, լուրջ վնաս են կրել Ծաղկունքի ոչխարաբուծական տնտեսությունները, իսկ հովիվը՝ Գուրգեն Գևորգյանը, նման աղետի հետևանքով հայտնվել է դժվարին վիճակում։ Նա խնամքի տակ ունի չորս անչափահաս երեխա և սոցիալապես անապահով է։ Անկած ոչխարների միսը պիտանի չէր օգտագործման, որն ամբողջությամբ ոչնչացվել է։ Վնասների հնարավոր չափերը ճշտվում են»,-ներկայացրեց Ռադիկ Մանուկյանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում