Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»
2 րոպեի ընթերցում

Բրիտանացի հանրահայտ ֆուտբոլիստ և ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի սեփականատեր Դեյվիդ Բեքհեմն իր աստղն է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը Instagram-ում տեսանյութ է տարածել, որտեղ նրա հետ են նաև իր ընտանիքի անդամները։
«Օր, որը երբեք չեմ մոռանա։ Երախտապարտ եմ իմ ընկեր Թոմին իմ կողքին լինելու համար, և շնորհակալություն եմ հայտնում կնոջս՝ Վիկտորիային, և իմ հրաշալի երեխաներին՝ իրենց սիրո և աջակցության համար։ Լոս Անջելեսը հատուկ տեղ ունի իմ սրտում։ Ես այստեղ եկել եմ այն երազանքով, թե ինչպիսին կարող է լինել ֆուտբոլն ԱՄՆ-ում։ Իմ սիրելի մարզաձևի զարգացման գործում ունեցած ներդրման համար ճանաչում ստանալն ինձ համար շատ մեծ նշանակություն ունի»,-գրել է Դեյվիդ Բեքհեմը։
Դեյվիդ Բեքհեմը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում դարձել է Անգլիայի վեցակի չեմպիոն, երկու անգամ նվաճել է երկրի գավաթը։ Նա նաև Չեմպիոնների լիգայի հաղթող է՝ 1999 թվականին։
Հոլիվուդի «Փառքի ծառուղում» (Hollywood Walk of Fame) պատվի են արժանանում այն մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել մշակույթի և սպորտի զարգացման գործում։