Հայաստան

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան

2 րոպեի ընթերցում

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին «Նորդիկ օրեր-2026» ծրագրի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և առաջնահերթություններին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պաշտպանն ընդգծել է, որ կանանց և աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին շարունակում են խոչընդոտ մնալ հանրային ընկալումներում պահպանվող կարծրատիպերը՝ կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ։

Անահիտ Մանասյանը նաև ուշադրություն է հրավիրել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում վաղ ամուսնությունների խնդրին՝ նշելով, որ այն բացասաբար է անդրադառնում աղջիկների կրթության, զարգացման և այլ իրավունքների իրացման հնարավորությունների վրա։

Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության դերը՝ ընդգծելով, որ Հայաստանում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում, մարդու իրավունքների կրթությունը դեռևս չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին, ինչը պահանջում է շարունակական բարեփոխումներ։

Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը։ Քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։

«Նորդիկ օրեր 2026»-ը Երևանում իրականացվում է Նորդիկ նախարարների խորհրդի (Nordic Council of Ministers) աջակցությամբ, Նորդիկ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և գործընկեր կառույցների համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում