Պետությունն ու եկեղեցին արձանագրում են Հայաստանի բոլոր սրբավայրերի ամբողջական կամ մասնակի վերականգնման կարիքը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության հոգածության ներքո գտնվող եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված շուրջ 21 հուշարձաններ 2013 թվականին կվերկանգնվեն: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն պետ Արմեն Աբրոյանը, մշակույթի նախարարությունն այս տարի նախատեսում է համապատասխանաբար 16 հուշարձանի վերականգնման և 3 հուշարձանի նախագծային աշխատանքներ: «2012 թ. ընթացքում կատարվել են թվով 16 հուշարձանների վերականգնողական և 4 հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքներ, որոնց նպատակով ծախսվել է 214.0 մլն դրամ գումար»,-ասաց նա:
Աբրոյանի խոսքով`անցյալ տարի առավել վտանգված հուշարձանների պահպանության նպատակով իրականացվել է 25 հուշարձանի տեխնիկական վիճակի դիտանցում: «Պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում 2012 թվականից մեկնարկել և համատեղ ծրագրեր են իրականացվել Գառնիի միջնադարյան կամրջի, Մխիթար Գոշի դամբարանի, Նոր Վարագավանքի, Ախթալայի Սբ Աստվածածին եկեղեցու, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցու, Օձունի Սբ Հովհաննես եկեղեցու, Կուրիս գյուղի Սբ Ամենափրկիչ եկեղեցու, Արթիկի Սբ Աստվածածին եկեղեցու, Արուճի տաճարի, Տաթևի վանական համալիրի, Գյումրու մարզային գրադարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և վերականգնման աշխատանքների ապահովման նպատակով»,-ասաց նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անժամկետ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եկեղեցիներում 2013 թվականին Մայր Աթոռի կողմից աշխատանքները կշարունակվեն Հառիճավանքում, Գեղարդավանքում, Օձունում և Ախթալայում: Այս վանքերին կգումարվի նաև Գոշավանքը: Նախատեսվում է նաեւ Ս. Էջմիածնի Մայր Տաճարի գմբեթների հիմնանորոգությունը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ 2012 թվականին Մայր Աթոռի կողմից հիմնանորոգվել, կամ մասնակի վերանորոգվել են Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցին, Հառիճավանքը, Նորադուսի Սբ Աստվածածին եկեղեցին, Հաղարծինը: Բարեկարգվել է Սևանի վանական համալիրը: Մասնակի նորոգություններ են եղել Գեղարդավանքում, Վաղարշապատի Սբ Աստվածածին եկեղեցում: Նախապատրաստական և հետազոտական աշխատանքներ են սկսել տարվել Մայր Տաճարի, Ախթալայի և Օձունի Սբ Աստվածածին եկեղեցու նորոգության համար: «Եկեղեցիների նորոգության հետ կապված միանգամից մեծ քայլեր ձեռնարկելու համար բավարար միջոցներ չունի ո´չ պետությունը և ո´չ էլ Հայոց Եկեղեցին: Սակայն ըստ առաջնահերթության այնուամենայնիվ որոշակի աշխատանքներ ձեռնարկվում են` նախ հնարավորինս պահպանելու վտանգված աղոթատեղիները, ապա բարեկարգ պահելու մեր ողջ սրբազան ժառանգությունը: Այդ հարցում Եկեղեցուն օգնության են հասնում բարերար հայորդիները, որոնց աջակցությամբ թե´ Մայր Աթոռը և թե´ թեմեր կարողանում են նկատելի արդյունքներ արձանագրել»,-ասաց նա:
Տեր Վահրամի խոսքով` հայրենիքի գրեթե բոլոր սրբավայրերը, անկախ այն հանգամանքից փոխանցված են եկեղեցուն թե ոչ, կարիք ունեն ամբողջական կամ մասնակի վերականգնման: «Նմանօրինակ աշխատանքներն ենթադրում են հսկայական գումարներ, կարող եմ նշել նաև, որ երբեմն մի նոր եկեղեցի կառուցելը նվազ միջոցներ է պահանջում, քան մի պատմական վանք նորոգելը: Սակայն դա բնավ չի նշանակում, որ նախապատվությունը տրվում է նոր եկեղեցիներին: Նոր տաճարներ հիմնականում կառուցվում են այն բնակավայրերում կամ քաղաքների թաղամասերում, ուր երբևէ եկեղեցի չի եղել և աղոթատեղիի անհրաժեշտություն է նկատվում»,-ասաց նա: