Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել
3 րոպեի ընթերցում

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանին՝ հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և քաղաքացիների ակտիվ մասնակցության կապակցությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի միկրոբլոգում։
«Շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին՝ հաջող ընտրությունների և ժողովրդավարական ակտիվ մասնակցության կապակցությամբ։ Քվեարկությունը հստակ վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարությանը, կայունությանը և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերին։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը»,-ասված է գրառման մեջ։
Congratulations to the people of Armenia on the successful elections & strong democratic participation.
— MFA Luxembourg 🇱🇺 (@MFA_Lu) June 10, 2026
The vote is a clear reaffirmation of Armenia’s commitment to democracy, stability, and closer ties with Europe.
We look forward to deepening our partnership.
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։
Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։
Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։
ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին նաև այլ քաղաքական ուժեր։