Քաղաքականություն

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

2 րոպեի ընթերցում

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Truthsocial սոցցանցի իր միկրոբլոգում։ 

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ։ Ես շատ հպարտ եմ, որ աջակցել եմ նրան վերընտրվելու հարցում, և կասկած չունեմ, որ նրա ղեկավարությամբ հրաշալի Հայաստանը կհասնի մեծ հաջողությունների ու բարգավաճման այնպիսի մակարդակի, որը կգերազանցի բոլորի սպասումները»,- հայտարարել է Թրամփը։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։

Նախնական տվյալներով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 727 հազար 827 ձայն կամ 49,825 տոկոս։ Ստացած ձայների շնորհիվ կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն։

«Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 340 հազար 088 ձայն կամ 23,281 տոկոս, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայն կամ 9,934 տոկոս։

Անցողիկ շեմին՝ 4 տոկոսին, շատ մոտ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է 3,996 տոկոս ձայն։ Խորհրդարան անցնելու համար կուսակցությանը պակասում է 0,004 տոկոսային կետ։

ԲՀԿ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ՝ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին նաև այլ քաղաքական ուժեր։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում