2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ վարորդների շրջանում ամրագոտիներ կապելու մշակույթն աստիճանաբար արմատավորվում է: Այս փաստն «Արմենպրես»-ի հետ զրույցում արձանագրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը: «Ամենահետաքրքիր թեման ինձ համար, որպես ճանապարհապարեկային ծառայության պետի, հենց ամրագոտին է: Ես ինքս ամբողջ օրն ամրակապված եմ եւ հազարավոր մարդկանց դիտողություն եմ անում չկապելու համար»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով` այս տարի ամրագոտի թեման կարելի է «փակված համարել», քանի որ շատ քիչ վարորդներ են առանց ամրակապվելու վարում, հատկապես ամառային ամիսներին պատուհանները իջեցրած վիճակում են վարում, ուստիեւ ամրագոտու կապված լինելը տեսանելի է ճանապարհային ոստիկանի համար: «Վիճակը շատ լավէ, նշանակում է` ինչ որ բանի հասել ենք»,- ասաց ծառայության պետը:
ՀՀ ճանապարհային երթեւեկության անվտանգության ազգային խորհրդի քարտուղարության պետ Պողոս Շահինյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կանայք ավելի լավ են պահպանում ամրագոտի կապելու կարգը եւ մշակույթը, քան տղամարդիկ, դա վկայում է նաեւ միջազգային փորձը:
«Կանայք ամրագոտի կապելու հարցում ավելի պարտաճանաչ են»,-ասաց նա:
Շահինյանը նշեց, որ առաջիկայում դպրոցներում նախատեսվում է ուսուցողական ծրագրեր անցկացնել եւ երեխաներին սովորեցնել ճանապարհային անվտանգության կանոնները:
Հայաստանում ամրագոտի չկապելու համար վարորդները տուգանվում են 5000 դրամով:
2012 թվականի հունիսի 2-ից Հայաստանում ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 123 հոդվածի փոփոխությունը, որով մեքենայի վարորդը կարող է տուգանվել ոչ միայն իր ամրագոտին չկապելու համար, այլեւ ստիպված է լինելու 5-հազարական դրամ տուգանք մուծել ամրագոտի չկապած ուղեւորների համար: