Ամերիկյան նոր հարվածներից հետո Իրանը գրոհել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների վրա
3 րոպեի ընթերցում

Թեհրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի վերջին հարվածների, որոնք տեղի են ունեցել Իրանին «ուժգին» հարվածներ հասցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին նախազգուշացումից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ ավարտել է «ինքնապաշտպանական հարվածները», որոնք արդեն հասցնում է երկրորդ օրն անընդմեջ։
«CENTCOM-ի ուժերը հարվածներ են հասցրել իրանական ռազմական հսկողության կարողություններին, կապի համակարգերին և հակաօդային պաշտպանության կայաններին ամբողջ Իրանում», - գրել է հրամանատարությունն X-ում՝ հավելելով, որ թիրախավորված իրանական օբյեկտները սպառնալիք էին ներկայացնում ԱՄՆ ուժերի և տարածաշրջանային ջրերով անցնող միջազգային առևտրային նավերի համար:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանից չափազանց երկար ժամանակ է պահանջվել համաձայնագրի հասնելու համար, և որ այդ երկիրը ծանր գին կվճարի։
Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ԱՄՆ-ի վերջին հարձակման ընթացքում պայթյուններ են լսվել Իրանի հարավում՝ Հորմուզի նեղուցի մոտ գտնվող քաղաքներում, որտեղ հունիսի 10-ին ԱՄՆ ուժերը հարվածել էին օդային պաշտպանությանը, ռադարներին և այլ օբյեկտների։
Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների՝ Իրանը հայտարարել է, որ հարձակվել է Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա. Թեհրանն այս նույն բազաները թիրախավորել էր նաև հունիսի 10-ի հարվածների ընթացքում։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հարվածել է նաև Հորմուզի նեղուցով անցնող երկու նավթատար նավի։
Մինչ այս իրանական պետական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հորմուզի նեղուցը «ամբողջովին փակվում է բոլոր տեսակի նավերի համար»։
ԱՄՆ-ի այս վերջին հարձակումից մի քանի ժամ առաջ Թրամփը զգուշացրել էր. «Մենք երեկ ուժեղ հարվածեցինք նրանց և այսօր կրկին ուժեղ հարվածելու ենք»։
Իր հերթին, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Իրանին տրվել է համաձայնագիր կնքելու հնարավորություն, բայց նա չի օգտվել դրանից։ Հեգսեթը հավելել է, որ ռումբեր կթափվեն երկրի «հիմնական օբյեկտների վրա»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը «կոշտ կդիմադրի ցանկացած ճնշման կամ սպառնալիքի»։ Իրանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ-ին իր հակասական ուղերձներով և հրադադարի խախտումներով դիվանագիտական գործընթացին վնասելու համար։