2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբը կոչ է անում քաղաքապետի եւ ավագանու բոլոր թեկնածուներին` զերծ մնալ քարոզչական սադրանքներից և վերադառնալ քաղաքական ազնիվ պայքարի կանոններին:
«Արմենպրես»-ին Վանաձորի քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի նախընտրական շտաբից տրամադրված հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 9-ին Վանաձորում տեղի ունենալիք քաղաքապետի և ավագանու անդամների ընտրական գործընթացի որոշ դրվագներ լայն արձագանք են գտել Հայաստանի լրատվամիջոցներում: Մասնավորապես, տեղեկություններ կան, համաձայն որոնց` պատռվել են ավագանու և քաղաքապետի թեկնածուների նախընտրական քարոզչական պաստառները: Գրանցվել է նաև քաղաքակիրթ քարոզարշավի տեսանկյունից ոչ հարիր այլ միջադեպ:
Քարոզարշավի նման անընդունելի մեխանիզմներ կիրառվել են նաև քաղաքապետի թեկնածու Սամվել Դարբինյանի դեմ, որոնց կանխարգելումը քաղաքապետի թեկնածուի շտաբն իրականացրել է ինքնուրույն` առանց իրավապահներին դիմելու:
«Ցավոք, հակառակորդներին անգամ փոքր վնաս հասցնելու որոշ մարդկանց մոլուցքը խոչնդոտում է արդար մրցակցության և քաղաքական պայքարի համընդհանուր նորմերին:Սեպտեմբերի 9-ին վանաձորցիները քվեարկելու են ոչ թե սադրիչների, քարոզչական պաստառների դեմ պայքարողների, այլ մարդկանց առօրյա հոգսերը թեթևացնելուն ուղղված իրատեսական ծրագրեր առաջադրած թեկնածուի օգտին»,-ասվում է հայտարարության մեջ: