Երիտասարդներին հնարավորություն կտրվի մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի խաղերին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հույս ունի, որ իր սաներից ոմանք կմասնակցեն ազգային հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին:

Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Նազարյանը, երիտասարդները հավաքներ չեն անցկացնում, քանի որ բոլոր ֆուտբոլիստները հանդես են գալիս բարձրագույն խմբի ակումբներում, եւ դա ավելի օգտակար է:

Ռաֆայել Նազարյանը նշեց, որ շատ օգտակար կլիներ, եթե հնարավորություն տրվեր երիտասարդներին ընկերական հանդիպում անցկացնել, սակայն Ֆուտբոլի միջազգային միությունը չունի խաղերի համար նշանակված օր:

«Ֆուտբոլի երիտասարդական հավաքականից հնարավոր է` մասնակցեն փետրվարի 28 եւ 29-ին նախատեսված խաղերին, եթե հավաքականի գլխավոր մարզիչը կանչի»,- ասաց Նազարյանը:

Խոսելով հավաքականի համալրման մասին` գլխավոր մարզիչը նշեց, որ աշխատանքներ տարվում են այդ ուղղությամբ: Մարզչական կազմը հետեւում է արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին եւս, իսկ հիմնական կազմի ընտրություն կանցկացվի Հայաստանի առաջնության մեկնարկից հետո միայն:

Հայերեն