Հասարակական

Ըստ Գ.Քեռյանի` հայ-թուրքական սահմանի բացմամբ Հայաստանը կդառնա բավական հրապուրիչ երկիր եւ մեծ նշանակություն կստանա տարածաշրջանում

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը որոշակի առումով նշանակում է Հայաստանի ինքնուրույնության եւ անկախության ամրապնդում: Նման դիտարկում արեց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն այսօր հրավիրված ասուլիսում` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման քաղաքական հետեւանքների մասին: Նա իր հնչեցրած տեսակետը պարզաբանեց այն հանգամանքով, որ ներկայումս Հայաստանն ունի ռազմավարական մեկ գործընկեր` Ռուսաստանը, եւ համաշխարհային քաղաքականությանը մասնակցելու առումով երկիրն ունի այս մեկ գործընկերը, եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ միջազգային ասպարեզ դուրս գալու եւս մեկ պատուհան կարող է բացվել: «Մեր ռազմավարական գործընկերը մեզ հետ ընդհանուր սահման չունի, եւ մեր միջեւ ընկնող երկու պետություններն էլ բավական անհուսալի են Ռուսաստանի հետ համագործակցության առումով: Ռուս-վրացական հարաբերությունների սրությունը, հայ- ադրբեջանական հակամարտությունը Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիների խնդիրներ են ստեղծում: Թուրքիայի հետ սահմանի բացումն ուղղակիորեն նշանակում է, որ բացվում է եւս մեկ դուռ` տալով ընտրության հնարավորություն քաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխության պարագայում: ՀՀ նախագահն ու նրա քաղաքական վերանախավը գիտակցում են այս հանգամանքը եւ ավելի ընդունելի են դառնում միջազգային մասշտաբով, քանի որ ստիպում են համաշխարհային քաղաքականության մեջ խաղացողներին փոխել իրենց վերաբերմունքը Հայաստանում կառավարող էլիտայի նկատմամբե,-նկատեց Գ.Քեռյանը: Նրա դիտարկմամբ` հայ-թուրքական սահմանի բացումն էականորեն կփոխի նաեւ տարածաշրջանի կառուցվածքը: Հայաստանը կդառնա բավական հրապուրիչ եւ մեծ նշանակություն կստանա տարածաշրջանում, քանի որ մեր երկիրը պետք է եւ Եվրամիությանը, եւ Ռուսաստանին, եւ ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի կառույցներին: Լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ եւ սահմանակցելով ՆԱՏՕ-ին` Հայաստանը դառնում է անվտանգության եւ ռազմապաշտպանական երկու խոշոր կառույցների սահմանակից երկիր եւ մեծ նշանակություն է ստանում: Հայաստանի հաղթաթուղթը նրան հնարավորություն է տալիս փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Այս հանգամանքը լիովին համապատասխանում է ազգային շահերին, եւ բացառված չէ, որ ապագայում Հայաստանը դառնա Հարավային Կովկասի երկրների առաջատար: Քաղաքագետը կարծում է, որ որոշակի փոփոխություններ կարող են կրել հայ- ռուսական հարաբերությունները: Հայաստանը պետք է պահպանի ներկայի հարաբերությունները Ռուսաստանի հետ` ամրացնելով դրանք եւ տնտեսական, եւ ռազմական, եւ քաղաքական ոլորտներում: Թուրքիայի հետ սահմանի բացումը կարող է հայ-ռուսական հարաբերությունները դարձնել հավասարազոր. ներկայումս դրանք հավասարազոր չեն, քանի որ չունենալով արտաքին աշխարհ դուրս գալու լուրջ ելքեր` Հայաստանը ստիպված է մեծամասամբ հաշվի նստել Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետ: Հայ-թուրքական սահմանի բացումն այդ հարաբերությունները կդարձնի հավասարազոր: «Իհարկե, պետք է շատ զգույշ լինել, քանի որ Ռուսաստանը մեզ համար Թուրքիա չէ, եւ Թուրքիան երբեւէ չի կարող փոխարինել Ռուսաստանին, որովհետեւ Ռուսաստանը Հայաստանի համար շատ կարեւոր է անվտանգության տեսանկյունից, եւ չպետք է ընկնել ծայրահեղության մեջ ու անվստահություն սերմանել մեր գործընկերոջ մոտե,-ասաց Գ.Քեռյանը: Հայ-թուրքական սահմանի բացման կարեւոր նշանակություններից, ըստ նրա, կարող է լինել էներգակիրների տեղափոխման եւ հաղորդակցության ուղիների գործոնը: Տնտեսական խոշոր միավորումները, հատապես Եվրամիությունը, հետաքրքրված են Կասպյան տարածաշրջանի եւ միջինասիական էներգակիրների տեղափոխման խնդրով: Դրանց տեղափոխումը պետք է իրականանա կամ Թուրքիայի կամ Հարավային Կովկասի կամ Իրանի տարածքով: Վրացական տարբերակն այսօր անընդունելի է Ռուսաստանի համար, որովհետեւ Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցումն ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի արտաքին քաղաքականության անհաջողությունը տարածաշրջանում, ԱՄՆ-ի հաղթանակը: Այս վրիպումից հետո Ռուսաստանը բավական մարտական էր տրամադրված եւ ապագայում էներգակիրների տեղափոխում առանց Ռուսաստանի համաձայնության կամ վերահսկողության չի լինի: Ռուսաստանը ցանկացած պահի կարող խափանել Բաքու- Ջեյհանի գործունեությունը: Վրաստանի տարածքով նոր էներգակիրների տարանցում Ռուսաստանը թույլ չի տա: Իրանով տարանցում թույլ չի տա ԱՄՆ-ը` չնայած միջինասիական եւ Կասպյան տարածաշրջանի էներգակիրների տեղափոխումը Իրանի եւ Թուրքիայի տարածով շատ ավելի կարող էր էժան լինել: Միակ տարբերակը մնում է կամ Ադրբեջանից էներգակիրաների տեղափոխում դեպի Ռուսաստան, ապա` Եվրոպա կամ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով` Թուրքիայով դեպի Եվրոպա: Հայաստանը կարող է ձեռք բերել կոմունիկացիոն մեծ նշանակություն, եթե առաջ քաշվող ծրագրերն իսկապես իրականանան: Քաղաքագետը համոզված է` հայ-թուրքական սահմանի բացումն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատումը բացառվում է, որ վնասի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ի օգուտ հայկական կողմի: Պարզ է դառնում, որ Ադրբեջանն այսօր զրկվում է իր հիմնական աջակցից: Ադրբեջանի դիրքորոշումը նախկին կոշտությունն այլեւս չի կարող ունենալ, այդ երկիրը չի կարող այն չափով վայելել Թուրքիայի աջակցությունը, որքան մինչ օրս: Բանակցային գործընթացում եւ միջազգային ասպարեզում սա բերում է Ադրբեջանի դիրքերի թուլացում: Նա մեկ այլ մարտահրավեր համարեց այն հանգամանքը, որ կարող է լինել Իրանի դիրքորոշման փոփոխություն: «Իրանը հակաարեւմտյան դիրքորոշում ունեցող պետություն է, Թուրքիան` ՆԱՏՕ-ական երկիր է, այս բանաձեւի պարզ տրամաբանությունը հուշում է, որ Իրանում կարող են այդքան էլ ոգեւորված չլինել հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմամբե,-ընդգծեց ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչը: Նա նկատում է, որ հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ ոգեւորված չեն նաեւ Վրաստանում, քանի որ դա կնվազեցնի Վրաստանի բացառիկ դիրքը տարածաշրջանում: Այդ երկիրը կկորցնի իր առաջնային նշանակությունն ինչպես Հայաստանի, այնպես էլ գերտերությունների համար: Պետք է հասկանալ, որ բացելով սահմանը` Թուրքիան ունի իր շահերը: Այդ երկիրը չի հրաժարվում հարավկովկասյան տարածաշրջանում իր ազդեցության տարածման լուրջ ծրագրերից: Սահմանի բացումը «դուռ է բացումե նաեւ թուրքական ազդեցության տարածման համար: Գ.Քեռյանը համոզված է, որ եթե սահմանը բացվի, դիվանագիտական հարաբերություններն հաստատվեն, ՀՀ նախագահի քաղաքական վարկանիշն ու իմիջը կբարձրանա խոշոր տերությունների ղեկավարների աչքում, արդեն հստակ կդարձնի, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է գնալ գլոբալ խնդիրների լուծման: Գ.Քեռյանի դիտարկմամբ` արդեն պարզ է, որ կարելի էր եւ չգնալ նման քայլերի, ապրել առաջվա պես, չձգտել փոխել որեւէ բան, բայց նա գնաց համարձակ քայլերի, որը գնահատվում է արտաքին աշխարհի կողմից: Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա, ըստ քաղաքագետի, արմատական ընդդիմությունը մղվել է դեպի երրորդ հարթություն, որը սպասողական դաշտում է: ՀԱԿ-ը հայտնվել է այնպիսի վիճակում, որ չի կարող քննադատել ներկա իշխանությունների գործունեությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, որովհետեւ ժամանակին իրենք էլ բազմիցս նշել են, որ Հայաստանի համար շատ կարեւոր են այդ հարաբերությունները: Նրանք գովել էլ չեն կարող, եւ այդպիսով երկրի ներքաղաքական կյանքին երանգ է տվել այն հանգամանքը, որ ընդդիմությունը քաշվել է սպասողական հարթություն եւ հասարակությանն ասելիք չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում