2 րոպեի ընթերցում
ԷՋՄԻԱԾԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին Մայր Աթոռի մամլո դիվանից, Նորին սրբությունը, բարի գալուստ մաղթելով Սինգապուրի ավագ նախարարին Ս. Էջմիածին, անդրադարձել է հայ ժողովրդի հոգեւոր կյանքին, Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանը եւ արդի մարտահրավերներին: Հայոց Հայրապետն իր գնահատանքն ու շնորհակալությունն է հայտնել ի դեմս ավագ նախարարի Սինգապուրի ժողովրդին Սինգապուրի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու հանդեպ, որ երկրի ամենահին քրիստոնեական կառույցն է (1836թ.), ցուցաբերվող խնամքի համար: Սինգապուրի ավագ նախարար Լի Կուան Յուին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության համար` նշելով, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել այն մեծ ներդրմանը, որ հայ համայնքն ունեցել է երկրի շենացման եւ բարգավաճման գործում: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը: