Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

3 րոպեի ընթերցում

Եթե ընտրություններն անցնում են առանց խախտումների, ժողովրդի որոշումը պետք է հարգվի․ Հայկ Մարության

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ ընտրությունների բարձր մասնակցությունը վկայում է քաղաքացիների քաղաքական ակտիվության և իրենց ձայնի կարևորության գիտակցման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում Մարությանը նշել է, որ առավոտից մասնակցության բարձր ցուցանիշները դրական է գնահատում։

«Շատ ուրախ եմ։ Մարդկանց մասնակցությունը բարձր է, ես երջանիկ եմ այսօր, որովհետև ժողովրդի քաղաքական ակտիվությունը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության համար, մասնավորապես, Հայաստանի համար»,- ասել է նա։

Մարությանի խոսքով՝ նախորդ խոշոր ընտրությունների՝ Երևանի ավագանու ընտրությունների ցածր մասնակցությունը հիասթափեցնող էր, իսկ այս ընտրություններին նկատվող ակտիվությունը ցույց է տալիս, որ քաղաքացիները զգում են իրենց որոշման նշանակությունը։

«Այսօր մենք տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է և զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը և ինչպիսի Հայաստան պետք է լինի»,- նշել է նա։

Նա հավելել է, որ բարձր մասնակցությունը դրական երևույթ է, քանի որ ավելի շատ քաղաքացիներ են մտածում պետության ապագայի մասին։

Մարությանը նաև կարծիք է հայտնել, որ մասնակցության աճը հիմնականում ընդդիմադիր ընտրազանգվածի ակտիվության արդյունք է, սակայն հավելել է, որ իր համար առավել կարևոր է քաղաքացիների ներգրավվածությունը։

«Ինձ համար կարևոր է, որ մարդիկ արթնացել են և մարդիկ հավատում են ու զգում են, որ իրենցից է կախված Հայաստանի ապագան»,- ասել է նա։

«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության վարչապետի թեկնածուն քաղաքացիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը, ընտրությունը կատարել օրենքով սահմանված կարգով և զերծ մնալ խախտումներից։

«Խնդրում եմ, անպայման բոլորդ գնացեք ընտրության, կատարեք ձեր ընտրությունը, զերծ մնացեք տարբեր խարդախություններից, տարբեր տիպի գործողություններից, օրենքով նախատեսված կատարեք ձեր ընտրությունը»,- նշել է Մարությանը։

Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին՝ նա հայտարարել է, որ եթե ընտրություններն անցնում են նորմալ և առանց խախտումների, ապա հետագա բոլոր գործողությունները որոշում է ժողովուրդը։

«Եթե խախտումներ չկան, եթե ժողովուրդը կատարում է ընտրություն, մենք պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը՝ անկախ նրանից՝ կհաղթի իշխանությունը, թե ընդդիմությունը։ Ինչ լինում է ժողովրդի ընտրությամբ, ժողովրդի որոշմամբ, մեզ համար օրենք է»,- ասել է նա։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում