ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ժամը 15։00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը ժամը 15:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին: Խնդիրների մի հատված էլ վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում: ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։

Պաշտպանի աշխատակազմը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 170 հրապարակում։

Ստացված ահազանգերը, ի թիվս այլնի, վերաբերել են ընտրացուցակներում անձի տվյալների բացակայությանը, քվեարկության ընթացակարգերին, ընտրատեղամասերի մատչելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների իրացմանը, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձի ընտրական իրավունքի իրացմանը, այլ համայնքի հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների ընտրելու իրավունքի իրացմանը, օրվա ընթացքում քրեական վարույթներին առնչվող հարցերին և այլն:

«Քաղաքացիներին տրվել են լիարժեք խորհրդատվություններ, ըստ կոնկրետ դեպքերի անմիջապես պարզաբանումներ են պահանջվել իրավասու մարմիններից։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերին:

Ընտրական իրավունքներին առնչվող բողոքներն ու ահազանգերը կարելի է Պաշտպանին ներկայացնել 116 կամ (096) 116 100 թեժ գծի հեռախոսահամարներով։ Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և սահմանված կարգով կհասցեավորվեն»,– ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում