Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

3 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընտրություններից իր հիմնական ակնկալիքը քաղաքական բովանդակության և պառլամենտարիզմի վերադարձն է Հայաստանի խորհրդարան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարուքյանն ասել է, որ իր սպասումները միայն «Լուսավոր Հայաստան»-ի արդյունքների հետ չեն կապված։

«Մեր ուժի հետ կապված ակնկալիքս այն է, որ քաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը, պառլամենտարիզմն այդ գիշեր կվերադառնա Հայաստանի խորհրդարան։ Բայց ակնկալիքներս միայն մեր ուժի հետ չի կապված, որովհետև մենք ասել ենք, որ էգոիզմը դնում ենք մի կողմ։ Ակնկալիքներս կապված են Հայաստանի Հանրապետությունում ցնցումներից զերծ, հանգիստ, հանդարտ, նորմալ կյանքի վերադարձի հետ»,-նշել է նա։

Մարուքյանն անդրադարձել է նաև ընտրողների ակտիվությանը՝ ընդգծելով, որ նման հերթեր վաղուց չէր տեսել ընտրատեղամասերում։

«Ուզում եմ ասել, որ բարձր մասնակցությունը, որ այս պահին արձանագրում ենք, ես չեմ հիշում նման հերթեր։ Սա նշանակում է, որ քարոզարշավով քաղաքական ուժերին հաջողվել է ակտիվացնել ժողովրդին, մարդկանց բերել ընտրական տեղամաս»,-ասել է նա։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի խոսքով՝ ընտրությունների օրը քաղաքացիներն են որոշում երկրի հետագա քաղաքական զարգացումները։

«Հայաստանի Սահմանադրության երկրորդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այսօր ժողովուրդը որոշելու է, թե ինչպիսի խորհրդարան ենք մենք ունենալու, և այդ խորհրդարանը ինչպիսի կառավարություն է ձևավորելու, և Հայաստանի Հանրապետությունն իր մարտահրավերները ինչպես է դիմագրավելու»,-ընդգծել է Մարուքյանը։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում