2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մատենադարանին հարակից տարածքում այսօր տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որն արտոնվել էր Երեւանի քաղաքապետարանի կողմից: Հանրահավաքում ելույթ ունեցան ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, «Հանրապետությունե կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Վերջինիս տեղեկացմամբ, հանրահավաքին պետք է մասնակցեր նաեւ ՀՀ Ազգային Ժողովի արդեն նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սակայն նա հրավիրվել է հարցաքննության` Հատուկ քննչական ծառայության կողմից: Բանախոսներն իրենց ելույթներում անդրադարձան հայ- թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղված գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ Հայաստանի տնտեսական խնդիրներին: Ս. Դեմիրճյանի խոսքով, ՀԱԿ-ը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը, սակայն նախաստորագրված արձանագրություններում առկա են մտահոգիչ դրույթներ. դրանք են` պատմական հարթության վերաբերյալ ենթահանձնաժողովի ստեղծման եւ երկու երկրների ներկա սահմանների իրավական ճանաչման վերաբերյալ կետերը: Լ. Տեր-Պետրոսյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, կանխատեսեց, որ նախաստորագրված արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի կողմից չեն վավերացվելու այնքան ժամանակ, մինչեւ չկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Իսկ ԼՂ խնդրի լուծումն, ըստ նրա, ամենեւին էլ հեռու չէ, քանի որ դրանում մեծապես շահագրգռված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: «Դրա հիմքը նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հուլիսի 10-ի աննախադեպ հայտարարությունն է, որով նրանք փաստորեն ազդարարում են իրենց անձնական ներգրավվածությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ու դրանով նշանակալիորեն բարձրացնում սեփական երկրների միջնորդական առաքելության մակարդակը: Նման բան սովորաբար տեղի է ունենում հակամարտությունների կարգավորման ավարտական փուլում, ինչը նշանակում է, որ հեռու չէ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտըե,- ասաց նա: