8 րոպեի ընթերցում
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն այս տարի ներկայանում է 20-օրյա ձևաչափով, մշակութային բազմազանությամբ, գեղարվեստական նոր շեշտադրումներով և արվեստի տարբեր դրսևորումների յուրահատուկ համադրությամբ։
Նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 15-ը Երևանում անցկացվող Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կհամախմբի միջազգային ճանաչում ունեցող մենակատարների, երաժշտական կոլեկտիվների և երիտասարդ կատարողների։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի ծրագիրը ներառում է սիմֆոնիկ և կամերային համերգներ, միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների ելույթներ, կրթական նախաձեռնություններ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ և այլ մշակութային միջոցառումներ։
Նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը տեղեկացրեց, որ մտադիր են 2027-ին փառատոնը դարձնել ներդրումային ծրագրերի փաթեթի մի մաս։
«Պետությունը փառատոնը դիտարկում է ոչ միայն որպես սուբսիդիա ստացող և ծրագրեր իրականացնող իրադարձություն, այլև որպես ներդրումային ծրագիր։ Փառատոնի ֆինանսավորման էական բարձրացումը ենթադրում է, որ այն կարող է շոշափելի տնտեսական շարժ ապահովել։ Փառատոնի ղեկավարությունը երկար և խորքային ուսումնասիրություն է կատարել և տվել է տնտեսական հաշվարկ, թե փառատոնը նման ծավալի պետական ֆինանսավորման դեպքում տարիների ընթացքում ինչ տնտեսական արդյունավետություն կունենա»,-նշեց Վիրաբյանը։
Փոխնախարարն ընդգծեց, որ Խաչատրյանի անվան փառատոնը պետությանը հավակնոտ ծրագիր է ներկայացնում՝ վերցնելով հստակ պարտավորություններ, խոստանալով հստակ թվեր, իսկ պետությունը, վստահելով թե՛ փառատոնի նախաձեռնողներին, թե՛ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, կարծում է, որ այն հնգամյա տնտեսական հաշվարկը, որը ներկայացրել է փառատոնը, իրատեսական է։
«Մշակույթի տնտեսականացման տեսանկյունից սա շատ կարևոր ու ողջունելի նախաձեռնություն է։ Եթե կլինեն այլ փառատոններ, որոնք կունենան ճշգրիտ տնտեսական հաշվարկ այն մասին, թե տվյալ փառատոնի ներկայությունը պետության կյանքում ինչ կարող է բերել պետությանը և չդիրքավորվեն միայն որպես սուբսիդիա ստացող և ծրագրեր իրականացնող կազմակերպություններ, մեզ համար այդ մոդելը շատ ընդունելի կլինի՝ անկախ նրանից, թե պետության ֆինանսական բեռը որքան կավելանա, որովհետև մենք հաշվարկում ենք, որ տարիների ընթացքում դա շատ հստակ հաշվարկով վերադառնալու է պետական բյուջե։ Ցանկացած մշակութային ծրագիր, որն ունի տնտեսական բաղադրիչ, մեզ համար կարևոր է»,-շեշտեց Վիրաբյանը։
Փոխնախարարն անդրադարձավ նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին, որն անցկացվել է Պեկինում։ Նա խոստովանեց՝ ոչ միայն որպես պաշտոնյա, այլև որպես հայ մարդ մեծ հպարտության զգացում է ունեցել, երբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը փայլուն հանդես է եկել աշխարհի խոշորագույն քաղաքներից մեկում։
Նրա խոսքով՝ շատ բարդ է Չինաստանի պես խոշոր երկրում անցկացնել այնպիսի մշակութային փառատոն, որը երկրի մայրաքաղաքի համար դարձել է կարևորագույններից մեկը։
«Խաչատրյանի անվան փառատոնն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դուրս են եկել այն սահմաններից, որոնք գծված են և կարողացել են հայտ ներկայացնել միջազգային շուկայում, ինչը մեր պետությունը, որպես ակադեմիական երաժշտության կենտրոն, աշխարհի քարտեզի վրա դնելու համար շատ կարևոր է»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։
Փառատոնի բացման շրջանակում նոյեմբերի 26-ին և 27-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, կներկայացվի աննախադեպ համերգային ծրագիր՝ նվիրված Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությանը։ Երկու երեկոյի ընթացքում երիտասարդ տաղանդավոր դաշնակահարուհի Եվա Գևորգյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի կոմպոզիտորի բոլոր հինգ դաշնամուրային կոնցերտները։
«Փառատոնն առաջին անգամ է ներկայանում ամենօրյա ձևաչափով. ունենք կամերային, սիմֆոնիկ համերգներ, հյուրընկալել ենք աշխարհահռչակ մենակատարների»,-նշեց Սերգեյ Սմբատյանն ու հավելեց՝ ցանկանում են ներկայացնել նոր ու համարձակ ձևաչափ։ Սմբատյանը տեղեկացրեց, որ Mezzo TV-ն, որը հանրահայտ երաժշտական հեռուստաալիք է, կհեռարձակի փառատոնի երեք համերգները, ինչը Սերգեյ Սմբատյանը մեծ ձեռքբերում է համարում։
Նրա խոսքով՝ այն մշակութային ժառանգությունը, որը ներկայացվում է Խաչատրյանի անվան փառատոնի միջոցով, հասնում է աշխարհին, և օտարները տեսնում են, որ Հայաստանի համար Խաչատրյանն այն հավաքական ուժն է, որով ներկայացվում է մեր երկիրը և ցույց է տրվում, որ մշակույթն ավելի հզոր է, քան կարելի է պատկերացնել։
Փառատոնի այլ համերգներին ելույթ կունենան նաև ալտահար Թիմոթի Ռիդաութը, դաշնակահարներ Մայա Օհանյանն ու Ալեքսանդր Մալոֆեևը, բանդոնեոնահար և ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին և այլ կատարողներ։
Փառատոնի կարևոր ուղղություններից է նաև երիտասարդների ներգրավումը։ Այդ նպատակին են ծառայում կրթական ծրագրերը, երիտասարդ երաժիշտների համերգները, երեխաների համար նախատեսված ինտերակտիվ նախաձեռնություններն ու ստեղծագործական նախագծերը։ Այս համատեքստում առանձնահատուկ տեղ ունի դեկտեմբերի 12-ին կայանալիք Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուների համերգը։
Հատուկ միջոցառումների շարքում են նաև «Խաչատրյանի օրորոցայինները», «Խաչատրյանը՝ իմ աչքերով» ցուցահանդեսը, «Խաչատրյանի գույները» մանկական գունազարդման գրքի շնորհանդեսը, «Միասին նվագենք Խաչատրյան» համերգը՝ Երևանի երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ և Արամ Խաչատրյանի ու Վիլյամ Սարոյանի կյանքն ու ստեղծագործական աշխարհը ներկայացնող գրական-երաժշտական հանդիպումը։
Փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգով՝ նվիրված է հայ երաժշտագետ, պրոֆեսոր Իրինա Տիգրանովայի հիշատակին։
Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր գործընկերն է Երևանի քաղաքապետարանը։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
2013-ին հիմնադրված փառատոնն ամեն տարի մայրաքաղաք Երևանում հյուրընկալում է համաշխարհային մեծության սիրված արտիստների, որոնք երաժշտության լեզվով ստեղծում են միջմշակութային երկխոսության մթնոլորտ, ինչպես նաև իրենց կատարումներով ընդլայնում Արամ Խաչատրյանի երաժշտության ճանաչումը։
2021 թվականից փառատոնը Եվրոպական փառատոնների ասոցիացիայի (EFA) անդամ է։