Քաղաքական սատիրա՝ Հրազդանի կամերային թատրոնում. հանդիսատեսին կներկայացվի «Շատ ուրիշ հեքիաթ» բեմադրությունը

7 րոպեի ընթերցում

Հրազդանի կամերային թատրոնը նախորդ տարի է իր հյուրընկալ դռները բացել թատերասերների առաջ՝ նրանց խոստանալով հետաքրքիր և նորարարական լուծումներով ներկայացումներ։ Թատրոնը հավատարիմ է իր խոստմանը։

Այս անգամ այն անդրադարձել է քաղաքական սատիրայի։ Եվգենի Շվարցի տարբեր ստեղծագործությունների հիման վրա բեմադրված «Շատ ուրիշ հեքիաթ» ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի նոյեմբերի 27-ին։

Ներկայացման բեմադրիչը թատրոնի հիմնադիր և պրոդյուսեր Շահեն Փանոսյանն է։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նա խոստովանում է՝ հուզված է, քանի որ իր առաջին բեմադրությունն է իր իսկ հիմնադրած թատրոնում։

«Ներկայացման հիմքում Եվգենի Շվարցի տարբեր ստեղծագործություններն են, սակայն ամբողջ ծանրությունն ընկած է հեղինակի «Մերկ թագավորը» պիեսի վրա։ Դա դասական գործ է, որը բավականին լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում և բեմադրվել է բազմաթիվ հեղինակավոր թատրոններում։ Այն «Սատիրիկոն», Մայակովսկու անվան և այլ ռուսական թատրոնների խաղացանկում է։ Ցանկացա հենց այս գործին անդրադառնալ, քանի որ այն բոլոր ժամանակներին ու կարգերին է առնչվում»,-նշում է Փանոսյանը։

Ներկայացման բոլոր կերպարները հորինված են, իրավիճակները՝ արդիական։ Փանոսյանը կարծում է՝ այն հարաբերությունները, որոնք նկարագրվում են պիեսում և ներկայացման մեջ, հատկապես հաճախ են հանդիպում չինովնիկների շրջանակում, երբ մարդիկ փորձում են հաճոյանալ, քծնել միմյանց։ Ներկայացումն այդ երևույթները նուրբ ծաղրի է ենթարկում։

«Սա երաժշտական ներկայացում է, և հետաքրքիրն այն է, որ Շվարցի պիեսում, ինչը բացակայում է Անդերսենի հեքիաթում, առկա են սերը, ռոմանտիզմը։ Ներկայացման մեջ կան պայքարողներ և հետադիմական հայացքներ ունեցողներ։ Ծիծաղելի են բուրժուազիայի հետադիմական հայացքները, որոնք վառ են արտահայտված։ Ազատ խոսքի իրավունք ունենք և առանց որևէ մեկին նկատի ունենալու կարող ենք արդարացի բարձրաձայնել այս երևույթների մասին»,-շեշտում է ռեժիսորը։

Նա հիշեցնում է Նիկոլայ Գոգոլի խոսքերն այն մասին, որ հանդիսատեսը սիրում է բեմում իրեն տեսնել։ «Հիշո՞ւմ եք «Ռևիզոր» ներկայացման վերջում հարց է հնչում՝ ինչո՞ւ եք ծիծաղում, ձե՞զ եք տեսել այստեղ։ Հանդիսատեսը ցանկանում է տեսնել իր մինուսները. նա խենթանում է դրա համար»,-ասում է Փանոսյանը։

Ներկայացման դերակատարներից մի քանիսը Շահեն Փանոսյանի սաներն են, որոնք ավարտել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, մի քանիսը դեռ սովորում եմ այնտեղ, կան նաև հրավիրված դերասաններ։ Փանոսյանը կարծում է՝ հրավիրված դերասաններից շատերը ցանկություն կունենան մշտապես աշխատել Հրազդանի թատրոնում, քանի որ շատ են սիրել այն։

Ներկայացման մեջ զբաղված են Արման Մկրտչյանը, Արայիկ Ղազարյանը, Մանե Ավետիսյանը, Պավլիկ Բրսոյանը,  Անդրանիկ Անտոնյանը և այլք։

«Արման Մկրտչյանն ավարտել է Թատերական ինստիտուտի «Տիկնիկային թատրոնի ֆակուլտետ»-ը և երկար տարիներ խաղացել է։ Շատ տաղանդավոր, հրաշալի երիտասարդ է։ Արայիկ Ղազարյանը Նուրբ զգացմունքների նախարարի կերպարում է։ Նա շատ դժվարությամբ է համաձայնել խաղալ այդ դերը։ Ղազարյանի կերպարը  ծանոթ է բոլոր կանանց զգացմունքներին, տղամարդկանց զգացողություններին։ Անդրանիկ Անտոնյանը խաղացել է նաև մեր թատրոնի առաջին՝ «Շտապիր սիրել» ներկայացման մեջ։ Նրա մարմնավորած կերպարը սովորական երիտասարդ չէ. հեղափոխական գաղափարներ ունի։ Հավաքական կերպար է հոգևորական բանաստեղծը, որին մարմնավորում է Պավլիկ Բրսոյանը։ Պավլիկը բավականին հայտնի է Հրազդանում։ Տաղանդավոր երիտասարդ է։ Բոլոր կերպարները բացասական երևույթների դեմ են պայքարում։ Մենք ինքներս մեզ պետք է փոխենք, ինքներս մեզ պետք է ճանաչենք։ Ճշմարտությունն այնտեղ է, որտեղ մենք հավատարիմ ենք մեզ։ Սրա մասին է խոսքը»,-հավատացնում է Փանոսյանն ու հավելում՝ իր աշակերտներից է Մանե Ավետիսյանը:

Ըստ Փանոսյանի՝ Մանեն մեծ ապագա ունեցող դերասանուհի է. տաղանդավոր է, գեղեցիկ և կարող է Հրազդանի թատրոնի սյուներից մեկը դառնալ։

Թատրոնի հիմնադիրը վստահ է՝ անհրաժեշտ է երիտասարդներին հնարավորություն տալ զարգանալ, ինքնադրսևորվել, կայանալ թատրոնում։

«Ե՛վ Ղափլանյանի անվան թատրոնն է այդպես ստեղծվել, և՛ «Մետրո» թատրոնը, Կամերային երաժշտական թատրոնը, այնպես որ մենք պետք է ունենանք մեր դերասանները, և ես որոշել եմ հանդիսատեսին նոր դեմքերի ներկայացնել։ Բազմիցս ասել եմ՝ մեր թատրոնը նորարարական է։ Այստեղ ոչ միայն դերասանները, այլև սկսնակ ռեժիսորները կարող են իրենց ուժերը փորձել, կարող են նաև սխալվել։ Այդպես են ծնվում ապագա հանճարները»,-վստահեցնում է Շահեն Փանոսյանը։

Թատրոնը բացվել է 2025 թվականին։ Թատրոնում ոչ միայն ներկայացումներ են բեմադրվում, այլև ասմունքի, մեծարման երեկոներ, գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում։ Փանոսյանը խոստովանում է՝ մարզում մասնավոր թատրոն հիմնելը բավականին բարդ է։ Եվ, եթե չլինեին իր աջակիցները, անգամ մեծ ցանկության դեպքում քիչ հավանական է, որ հաջողություն ունենային։

«Եթե չլինեին Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանի բարիդրացիական վերաբերմունքը, մեզ աջակցելու ցանկությունը, մենք չէինք կարողանա իրագործել մեր գաղափարը։  Նա ամեն  կերպ օգնում է մեզ։ Դահլիճը, շենքը շատ լավ պայմաններով ենք վարձակալել։ Համայնքի մշակույթը զարգացնելու, համայնքում բազմազանություն մտցնելու ցանկությունն է մեր շարժիչ ուժը։ Շատ շնորհակալ եմ նաև համայնքապետին, որը մեզ օգնում է, հնարավորություններ է ստեղծում մեզ համար։ Թատրոնը բոլորի ուշադրության կենտրոնում է, հետաքրքրված են ներկայացումներով, հրազդանյան հանդիսատեսը ևս ուշադիր է, իսկ մենք ակտիվ  գործունեություն ենք ծավալում։ Երկուստեք աշխատում ենք։ Անգամ խորհրդային շրջանում Հրազդանն այսքան մշակութային չի եղել»,-շեշտում է Շահեն Փանոսյանը։

Նախատեսում են ներկայացմամբ հանդես գալ նաև Երևանում։

Հայերեն