Ամասիա համայնքի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերում նորակառույց կրթական հաստատություններն արդեն պատրաստ են շահագործման
1 րոպեի ընթերցում
Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի նորակառույց կրթահամալիրն ու Բերդաշեն բնակավայրի նորակառույց դպրոցն արդեն պատրաստ են շահագործման։ Կրթական հաստատությունները կառուցվել են պետական ծրագրերի շրջանակում՝ ապահովելով երեխաների կրթության համար ժամանակակից և բարեկարգ պայմաններ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, Բյուրակնի նորակառույց կրթահամալիրը կառուցվել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Շինարարական ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 700 մլն դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 280 աշակերտի և մանկապարտեզի սաների համար։
Բերդաշենի նորակառույց դպրոցի շինարարական ծրագրի արժեքը կազմել է շուրջ 697 մլն 700 հազար դրամ։ Նոր դպրոցը հնարավորություն կտա բնակավայրի երեխաներին կրթություն ստանալ ժամանակակից և բարեկարգ պայմաններում։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականին Շիրակի մարզում պետական բյուջեի միջոցներով իրականացվում է 17 դպրոցի կառուցման և վերանորոգման ծրագիր՝ 27 մլրդ 41 մլն 349 հազարդրամ ընդհանուր արժեքով։ Միաժամանակ կառուցվում և վերանորոգվում է 9 մանկապարտեզ՝ 3 մլրդ 849 մլն 906 հազար դրամ ընդհանուր արժեքով։