1 րոպեի ընթերցում
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր գյուղի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման համակարգով և նոր գույքով։
«Արմենպրես»-ին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից տեղեկացրին, որ դեռևս սեպտեմբերին մանկապարտեզում նոր խմբի բացմանը զուգահեռ իրականացվել են մի շարք կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներ, խումբը համալրվել է անհրաժեշտ գույքով։
Այնուհետև նոր խմբասենյակում, ննջասենյակում, սանհանգույցներում, երկու դահլիճներում, ինչպես նաև միջանցքում տեղադրվել են ջեռուցման կաթսան և համապատասխան համակարգը։
Աշխատանքների իրականացման նպատակով համայնքի բյուջեից հատկացվել է 3 միլիոն 240 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «ՄարտՇին» ՍՊԸ-ն։
«Ջեռուցման համակարգն արդեն գործարկվել է։ Վարսերցի փոքրիկներն իրենց նոր խմբասենյակում, ննջասենյակում և դահլիճում ձմեռը կանցկացնեն տաք ու ապահով պայմաններում»,-տեղեկացրել են Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։