Կենսաբազմազանության բնագավառում համագործակցության առումով Հայաստանն ու Ռուսաստանն ունեն բավականին մեծ ներուժ. Սերգեյ Կոնոնուչենկո

12 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան և համատեղության կարգով կլիմայի հարցերով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Կոնոնուչենկոն կարծում է, որ կենսաբազմազանության բնագավառում համագործակցության առումով Հայաստանն ու Ռուսաստանն ունեն բավականին մեծ ներուժ։   

Ստորև ներկայացնում ենք «Արմենպրես»-ի թղթակցի հետ Սերգեյ Կոնոնուչենկոյի բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ։

-Մեծարգո պարոն Կոնոնուչենկո, ի՞նչ տպավորություններ ունեք կենսաբազմազանության COP17 երևանյան միջազգային համաժողովի ընթացքից։ 

-Անկեղծ ասած՝ որպես ոչ միայն դիվանագիտական ​​գերատեսչության ներկայացուցիչ, այլ պարզապես բնապահպանական տարբեր կոնվենցիաների մասնակից, պետք է նշեմ, որ այս միջոցառումը կազմակերպվել է հիանալի մակարդակով։ Հայկական կողմը մեծ սիրով ու նվիրումով է մոտեցել կազմակերպչական աշխատանքներին։ Կեցության կամ տրանսպորտի հետ կապված որևէ դժվարություն չենք ունեցել. ամեն ինչ մանրակրկիտ մտածված է, և բոլոր անհրաժեշտ վայրերը հարմարավետորեն մոտ են գտնվում։ Նման միջոցառումների ժամանակ, որոնք հաճախ նախատեսվածից շատ ավելի երկար են տևում, անխուսափելիորեն ծագում է միանգամայն մարդկային հարց, թե որտեղ կարելի է սնվել։ Չէ՞ որ որքան էլ լավ նախապատրաստված լինենք, մեր ուժերն անսպառ չեն։ Բարեբախտաբար, այստեղ կարելի է գտնել հրաշալի հայկական ուտեստներ՝ իսկական ազգային խոհանոց, ուստի միշտ հնարավոր է մի փոքր սնվել՝ ընդ որում՝ շատ ջերմ ու հյուրընկալ մթնոլորտում։

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակում, մասնավորապես Երևանում անցկացվող կողմերի համաժողովի ժամանակ, առաջին անգամ հնարավորություն ունեցանք կազմակերպել ռուսական տաղավար, որտեղ հրավիրում ենք բոլորին։ Գիտեմ, որ մեծ հետաքրքրություն կա։ Շատ շնորհակալություն հյուրընկալության համար։ Նմանատիպ ջերմ խոսքեր արդեն հայտնել եմ COP17 համաժողովի նախագահին՝ Հայաստանի շրջակա միջավայրի հարգարժան նախարարին։

Բանակցային առանձին ուղղությունների կազմակերպումը շատ մանրակրկիտ է մտածված՝ հատկապես ապահովելով, որ դրանք չհամընկնեն։ Ոչ բոլոր պատվիրակություններն են բավականաչափ մեծ կամ համալրված անձնակազմով, նույնիսկ մեր պատվիրակությունը, թեև այն ունի բավականին մեծ կազմ, այդուհանդերձ, դժվարանում է «ծածկել» նման ֆորումների բոլոր մասնագիտական ​​ուղղությունները։ Քանի որ այդ բոլոր ուղղությունները չափազանց կարևոր են, շատ պատվիրակություններ պարզապես չունեն բավարար մարդկային և այլ ռեսուրսներ՝ դրանցից յուրաքանչյուրին ներկա գտնվելու համար։ Այս դեպքում, սակայն, ամեն ինչ հիանալի է ծրագրված, և ես կցանկանայի իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին։

-Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը COP17-ի շրջանակում մասնակցեց երկրների ղեկավարների և շրջակա միջավայրի նախարարների համաժողովներին։ Ո՞վ էր ղեկավարում ռուսական պատվիրակությունը, ինչ հարցեր բարձրացրեցիք և ինչպիսի՞ առաջարկներով հանդես եկաք  հատկապես նախարարների համաժողովում։

- Հայկական նախագահության նախաձեռնությամբ կազմակերպվել է առաջնորդների գագաթնաժողով, որին մասնակցել են Կոնվենցիայի մասնակից մի շարք երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարների համաժողով։ Սա չափազանց կարևոր իրադարձություն է և առաջին անգամը չէ, երբ նման հավաք է կազմակերպվում Ռիոյի կոնվենցիաների կողմերի համաժողովների շրջանակներում։ Այս պրակտիկան կիրառվում է նաև Կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի, ինչպես նաև Անապատացման և հողերի դեգրադացիայի դեմ պայքարի մասին կոնվենցիայի համատեքստում։ Սա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ կենսաբազմազանությանն առնչվող խնդիրները, որոնք քննարկվել են այս գագաթնաժողովում, ինչպես նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի շրջանակում, մեծ նշանակություն ունեն։ Ավելին, նման միջոցառումներին տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցության մակարդակի բարձրացումը նպաստում է այդ խնդիրների, հատկապես՝ կենսաբազմազանությանն առնչվող հարցերի վերաբերյալ իրազեկվածության մեծացմանը։

Երբ քննարկվում են կենսաբազմազանությանն առնչվող խնդիրներ, խոսքը միայն բուսական և կենդանական աշխարհի մասին չէ։ Ընդհակառակը, մենք անդրադառնում ենք հարցերի շատ ավելի լայն շրջանակի, որոնք մտնում են Կոնվենցիայի գործառույթների շրջանակի մեջ, մասնավորապես՝ գենետիկական ռեսուրսներին։ Ինչպես լավ գիտեք, գենետիկական ռեսուրսների հայեցակարգը՝ դրանց արժեքը և դրանց հասանելիության հարցը, ընդգրկում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, բժշկությունը, դեղագործությունը և նույնիսկ կոսմետիկայի արտադրությունը։ Կարճ ասած՝ խոսքը տնտեսական հարցերի մի ամբողջ շարքի մասին է, որոնք քննարկվում են մի կոնվենցիայի շրջանակում, ինչն առաջին հայացքից կարող է թվալ զուտ բնապահպանական բնույթի քննարկում։

Ռուսական պատվիրակությունը COP17-ում գլխավորում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական, կլիմայի և ջրային ռեսուրսների հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Սաիդ-Խուսաինովիչ Էդելգերիևը։ Սա շատ բարձր մակարդակի նշանակում է։ Նախագահի օգնականի պաշտոնը համարժեք է փոխվարչապետի պաշտոնին։ Հարկ է նշել, որ այս կարգավիճակն ավելի բարձր է, քան կառավարության նախարարինը, ինչն ընդգծում է այն մեծ կարևորությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը տվել է այս միջոցառմանը։ Ուստի, ռուսական պատվիրակության ղեկավար Ռուսլան Սաիդ-Խուսաինովիչ Էդելգերիևը մասնակցեց միջոցառման աշխատանքներին՝ մասնավորապես առաջնորդների գագաթնաժողովին, որտեղ ներկայացրեց Ռուսաստանի փորձը, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության և կենսաբազմազանության պահպանման ոլորտներում։

Մենք պատրաստ ենք կիսվել այս ոլորտում ձեռք բերած մեր արդյունքներով։ Առաջարկվել է մի նոր նախաձեռնություն, որը շատ հետաքրքիր ենք համարում։ Խոսքն անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին է՝ կենդանական աշխարհի թե՛ տարածված, թե՛ հազվագյուտ տեսակների միգրացիային հետևելու և դրանք դիտարկելու նպատակով։ Բացի այդ, մենք մեծ փորձ ունենք այսպես կոչված «ֆոտոթակարդների» կիրառման հարցում, քանի որ մեր ուշադրության կենտրոնում են Կարմիր գրքում գրանցված առաջնահերթ նշանակություն ունեցող բազմաթիվ տեսակներ, ինչպիսիք են ձնահովազը, պարսկական (ասիական) հովազը և սիբիրյան կռունկը (արագիլանման թռչունների յուրահատուկ տեսակ)։ Որոշակի վայրերում կամավորներն ու այլ շահագրգիռ կողմեր ​​տեղադրում են տեսաթակարդներ։ Հավաքագրված տվյալներն այնուհետև մշակվում են հատուկ ծրագրային ապահովման միջոցով՝ կենդանիների հազվագյուտ տեսակների (օրինակ՝ ձնահովազի, սպիտակ կռունկի, վագրի և մանուլի) միգրացիոն ուղիները քարտեզագրելու նպատակով։ Սա գիտնականներին հնարավորություն է տալիս բոլորովին նոր տեսանկյունից դիտարկել այդ հազվագյուտ կենդանիների կենսացիկլերն ու բազմացման առանձնահատկությունները, ինչն էլ իր հերթին նպաստում է դրանց պահպանությանը և պոպուլյացիաների աճին։

-Կոնկրետ կենսաբազմազանության ոլորտում ինչպիսի՞ համագործակցություն կա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև, ի՞նչ հեռանկարներ եք տեսնում այդ ուղղությամբ։ 

-Մենք բաց ենք և պատրաստ՝ հետագա համագործակցության համար։ Թեև Ռուսաստանի Դաշնությունը ներկայում որոշակի դժվարություններ ունի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարության հետ փոխգործակցության հարցում, դա որևէ կերպ չի ազդում Հայաստանի՝ մեր առանցքային գործընկերոջ հետ մեր հարաբերությունների վրա։ Կարծում եմ՝ առկա է զգալի ներուժ՝ հաշվի առնելով մեր ընդհանուր մոտեցումները, ինչպես նաև այն փաստը, որ մեր մասնագետները դեռևս խոսում են «նույն լեզվով» և վերապատրաստվել են՝ կիրառելով նույն մեթոդաբանությունը։ Սա վերաբերում է ոչ միայն կենսաբազմազանության ոլորտի փորձագետներին, այլև այլ ոլորտների մասնագետներին, այդ թվում՝ կլիմայագիտության բնագավառում։ Մենք խոսում ենք «նույն լեզվով», հիանալի հասկանում ենք միմյանց և ունենք ընդհանուր գիտելիքների բազա. ավելին՝ մենք ունենք ներուժ՝ ներառյալ կուտակված տեխնոլոգիական կարողությունները՝ բնական աղետներին հակազդելու համար։ Համոզված եմ, որ հետագա փոխգործակցության ուղին բաց է, և մենք միշտ պատրաստ ենք համագործակցության համար։

-Շուտով Թուրքիայում կայանալու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության COP31 համաժողովը։ Ինչպե՞ս է Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը պատրաստվում այդ միջոցառմանը։

-Սա գլոբալ մեխանիզմ է, համընդհանուր հարթակ՝ կլիմայի փոփոխության խնդրին անդրադառնալու հիմնական ֆորումը։ Թեև այստեղ, անշուշտ, տեղի են ունենում երկկողմ և եռակողմ շփումներ, հիմնական շեշտը դրվում է բոլոր երկրներին վերաբերող փաստաթղթերի շուրջ բանակցությունների վրա։ Վերջին տարիներին Կողմերի այս համաժողովների ուշադրության կենտրոնում, բնականաբար, եղել է այսպես կոչված, էներգետիկ սահուն անցման ապահովումը։ Մենք քաջ գիտակցում ենք, որ «կանաչ տնտեսություն» և «դեկարբոնացում» (ածխածնազերծում) տերմինները ներկայում լայն տարածում ունեն։ Այս համատեքստում առանցքային հարցն այն է, թե ինչպես ենք իրականացնելու էներգետիկ այս անցումն ու դեկարբոնացումը։ Որոշ երկրներ հանդես են գալիս արագացված մոտեցման օգտին, ինչը տվյալ դեպքում ենթադրում է ածխաջրածիններից հրաժարվելու արագ գործընթաց։

Ռուսաստանի Դաշնությունը և մի շարք այլ երկրներ կարծում են, որ ածխաջրածիններից հապճեպ և ոչ լիարժեք մտածված հրաժարումը տեսանելի ապագայում կարող է հանգեցնել ավելի բացասական հետևանքների, քան բուն գլոբալ կլիմայական փոփոխությունն է։ Մենք պատրաստ ենք քննարկելու, թե ինչպես անցում կատարել դեպի ցածր արտանետումներով զարգացում, սակայն պնդում ենք, որ հիմնական նպատակը պետք է լինի բոլոր պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը՝ անկախ նրանից, թե արդյոք նրանք տիրապետում են, այսպես կոչված, ավանդական էներգառեսուրսներին, այն է՝ ածխաջրածիններին։ Անհրաժեշտ է օգտագործել էներգառեսուրսների բոլոր տեսակները, այդ թվում՝ ածուխը, նավթը և բնական գազը, ինչպես նաև վերականգնվող էներգաղբյուրները, օրինակ՝ արևային վահանակներն ու հողմատուրբիններն ու միջուկային էներգիան։

Հայերեն English Русский