Բուլղարիայում տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հասանելի է դարձել ևս տասնհինգ բուլղարական կոմիքս. BTA
2 րոպեի ընթերցում
Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Բուլղարական ևս 15 կոմիքս հարմարեցվել է տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար՝ հասանելի դառնալով Բրայլի գրատիպով, աուդիո ձևաչափով և էլեկտրոնային տեքստի տեսքով։ Այսպիսով, «Artessible» ասոցիացիայի նախաձեռնությամբ ստեղծված հասանելի գործերի ընդհանուր թիվը հասել է 28-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։
Ասոցիացիայից հայտնել են, որ հարմարեցումներն իրականացվել են ասոցիացիայի «Արվեստը գործողության մեջ» նախաձեռնության շրջանակներում։ Այն ներառում է ստեղծագործական աշխատարաններ, որոնք միավորում են տեսողություն ունեցող և տեսողության խնդիրներ ունեցող մասնակիցներին՝ տեսողական տեղեկատվությունը բառերի միջոցով փոխանցելու եղանակներ մշակելու նպատակով։
«Լուի Բրայլ 1928» կույրերի ազգային համայնքային կենտրոնի աջակցությամբ տպագրվել է Բրայլի գրատիպով յոթ հավաքածու (յուրաքանչյուրը՝ չորս հատորից)՝ «Պատմություններ նկարներով՝ երեկվա և վաղվա համար» խորագրով։ Բոլոր 15 կոմիքսների աուդիոտարբերակները ձայնագրվել են ավելի քան 40 կամավորների մասնակցությամբ և տեղադրվել 100 USB կրիչների վրա։ Տեքստային էլեկտրոնային տարբերակները հասանելի են կենտրոնի թվային գրադարանում։
Բրայլյան գրքերն ու աուդիո ձայնագրությունները բաշխվում են Սոֆիայում, Պլովդիվում, Ստարա Զագորայում, Վրացայում և Կազանլակում գործող այն կազմակերպություններին ու կենտրոններին, որոնք ծառայություններ են մատուցում տեսողության խնդիրներ ունեցող անձանց։
«Artessible»-ի տվյալներով՝ հասանելի կոմիքսների ոլորտը միջազգային մակարդակում դեռևս զարգացման փուլում է, և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար այս ձևաչափից օգտվելու հնարավորությունները սահմանափակ են։ Աշխատարանների մասնակիցները նաև համատեղ ստեղծել են նոր կոմիքս՝ նկարազարդված արվեստագետ Մայա Բոչևայի կողմից, որը կներկայացվի առանձին։