ՇՄՆ-ն պարզաբանում է տարածել COP17-ի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ
5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել Երևանում կայանալիք COP17 համաժողովի կազմակերպման ծախսերի և գնումների գործընթացի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտարարությամբ պատասխանել է Ազգային ժողովում հնչած հայտարարություններին:
«Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան ներկայացուցիչների գնահատմամբ։ Նախապատրաստական աշխատանքների ընթացքում ՄԱԿ-ի ներկայացուցիչները տարվա ընթացքում բազմիցս այցելել են Հայաստան, անձամբ ուսումնասիրել և գնահատել հնարավոր տարածքներն, ընտրել համաժողովի անցկացման համար համապատասխան վայրերը, ինչպես նաև ներկայացրել դրանց վերափոխման, տեխնիկական հագեցվածության, ենթակառուցվածքների և անվտանգության ապահովման պարտադիր պահանջները։ Հետևաբար, տարածքների ընտրությունն ու դրանց հարմարեցման աշխատանքները չեն իրականացվել ՀՀ կառավարության հայեցողությամբ, այլ պայմանավորված են եղել նման մասշտաբի միջազգային համաժողովի կազմակերպման համար ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներով և պահանջներով»,– ասված է հայտարարության մեջ։
Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդում նախնական նախատեսվել է 18.5 մլրդ դրամ։
«Կարևոր ենք համարում ընդգծել, որ COP17-ի կազմակերպման շրջանակում բոլոր գնումներն իրականացվում են ՄԱԿ-ի սահմանած չափորոշիչներին համապատասխան, և Հայաստանը՝ որպես համաժողովը հյուրընկալող երկիր, պարտավոր է պահպանել այդ չափորոշիչները՝ առանց դրանցից շեղվելու։ ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 21-ի № 1187-Ա որոշմամբ թույլատրվել է համաժողովի կազմակերպման մասնագիտացված ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մեկ անձից գնման ձևով։ Չնայած դրան՝ Շրջակա միջավայրի նախարարությունը սեփական նախաձեռնությամբ կազմակերպել է հրապարակային նախաորակավորման գործընթաց՝ ապահովելու մրցակցային միջավայր և ընտրության թափանցիկություն»,- ընդգծված է հաղորդագրությունում:
2025 թվականի օգոստոսի 25-ին նախարարության պաշտոնական հարթակներում հրապարակված հայտարարությանը հայտ է ներկայացրել 12 կազմակերպություն, այդ թվում՝ 2 օտարերկրյա։ Կառույցից հայտնում են, որ սահմանված պահանջներին համապատասխանող 10 կազմակերպությունների ցանկը փոխանցվել է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարությանը։ Ցանկը փոխանցելուց հետո կազմակերպությունների ընտրության և գնահատման գործընթացն իրականացվել է ՄԱԿ-ի կողմից՝ առանց Շրջակա միջավայրի նախարարության միջամտության։
«ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը հատուկ այդ նպատակով ժամանել է Հայաստան, անձամբ հարցազրույցներ անցկացրել ցանկում ընդգրկված տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և իրականացրել դրանց գնահատումն ու ընտրությունը։ Այսպիսով, ծառայություններ մատուցող կազմակերպությունների ընտրությունը նախարարության միանձնյա որոշման արդյունք չի եղել։ Հետևաբար, առանց որևէ ընտրության գործընթացի կազմակերպություն ընտրելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ COP17-ի կազմակերպման գործընթացը պետք է գնահատել ոչ թե կամայական շուկայական համեմատություններով, այլ միջազգային համաժողովի անցկացման համար սահմանված տեխնիկական, կազմակերպչական և անվտանգության պահանջների համատեքստում»,- եզրափակվում է ՀՀ ՇՄ նախարարության հայտարարությունը։
Հայաստանը 2026 թվին հյուրընկալում է COP17-ը և մինչև 2028 թիվը ստանձնում կոնվենցիայի նախագահությունը՝ հանձնառելով մեկտեղել մարդկության առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին դիմագրավելու միջազգային ջանքերը։
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
Կենսաբազմազանության կոնվենցիան գլոբալ բնապահպանական երեք կոնվենցիաներից մեկն է, որը համակարգում է միջազգային ջանքերը՝ ուղղված կենսաբազմազանության պահպանմանն ու վերականգնմանը, շրջակա միջավայրի հարակայունությանը և բնական ռեսուրսների կայուն օգտագործմանը:
Կոնվենցիայի շրջանակում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը՝ Կողմերի համաժողովը կամ COP-ը (Conference of Parties), երկու տարին մեկ հրավիրում է 196 անդամ երկրների, որոնք միասին մշակում են կիրարկման մեխանիզմներ ու ապահովում դրանց իրականացումը:
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը՝ Երևանում։