2 րոպեի ընթերցում
Գյումրիում նոյեմբերի 6-ին կկայանա Հայաստանի բանկերի միության նախաձեռնած «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն։ Այն կանցկացվի «Հայաստանի տնտեսությունը՝ Երևանից դուրս» խորագրի ներքո։
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն էքսպոին առնչվող հարցերը քննարկելու համար ընդունել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանին։
«Արմենպրես»-ի՝ Գյումրիի թղթակցի փոխանցմամբ՝ մարզպետարանից հայտնում են, որ Դավիթ Առուշանյանը հանդիպման ժամանակ կարևորել է նման նախաձեռնությունների դերը մարզի տնտեսական զարգացման, գործարար միջավայրի բարելավման և նոր համագործակցությունների ձևավորման գործում՝ ընդգծելով բանկային համակարգի և գործարար համայնքի արդյունավետ համագործակցության նշանակությունը փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման և տնտեսական ակտիվության խթանման համար։
Մարզպետի խոսքով՝ տեղական բիզնեսի զարգացման, նոր ներդրումների ներգրավման և ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում առանցքային նշանակություն ունի ֆինանսական միջոցների հասանելիությունը։ Այն հնարավորություն է տալիս բիզնեսին ընդլայնելու գործունեությունը, ներդնելու նոր տեխնոլոգիաներ, ստեղծելու աշխատատեղեր և բարձրացնելու մրցունակությունը։
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանն էլ նշել է, որ էքսպոյի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին ու ծառայություններին, անմիջական շփումներ հաստատելու ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ և քննարկելու բիզնեսի զարգացման հնարավորությունները։
Մարզային համաժողովի շրջանակում նախատեսվում են նաև պանելային քննարկումներ՝ նվիրված ոլորտի առկա մարտահրավերներին, ֆինանսավորման հնարավորություններին և բանկերի ու գործարարների միջև համագործակցության նոր ուղղություններին։
Նախաձեռնության նպատակն է ամրապնդել բանկային համակարգի և մարզային բիզնեսի միջև կապը՝ նպաստելով Շիրակի մարզում տնտեսական ակտիվության աճին, նոր ներդրումների ներգրավմանը և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը։