Աշակերտուհուն հարվածած ուսուցչին մանկավարժական գործունեությամբ զբաղվելուց զրկելու իրավական գործընթաց կձեռնարկվի
1 րոպեի ընթերցում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:
Գերատեսչությունը գործընկերներին է դիմել՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը:
«Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- հայտնում են նախարարությունից:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում է, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցի ուսուցչուհին հարվածում աշակերտուհուն: