Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը
2 րոպեի ընթերցում

Իսրայելցիները նշում են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակման երրորդ տարելիցը, որի հետևանքով սպանվել էր մոտ 1200 մարդ, ևս 251-ը պատանդ էին վերցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Իսրայելի ամբողջ տարածքում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ, որոնք սկսվել են տեղական ժամանակով 06:29-ին համազգային մեկ րոպե լռությամբ՝ նշելու հարձակումների մեկնարկի ժամը։
Մարդիկ այցելում են նաև Nova երաժշտական փառատոնի անցկացման վայր, որտեղ սպանվել էր ավելի քան 360 մարդ, տասնյակ մարդիկ պատանդ էին վերցվել։
Սա առաջին տարելիցն է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ պահվող իսրայելցիները նշում են տանը։ ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև 2025 թվականին հրադադար է հաստատվել։ Այդ համաձայնության և հրադադարի նախորդ համաձայնությունների արդյունքում ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է վերադարձրել ողջ մնացած 168 պատանդի։
Հոկտեմբերի 7-ի հարձակումներին ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում։ ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով պաղեստինյան անկլավում սպանվել է ավելի քան 74 000 մարդ։ Գազայի հատվածը լիովին ավերվել է, 2 միլիոն բնակիչներն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։