Հնդկաստանի 11 քաղաքացի է տուժել Հորմուզի նեղուցում առևտրային նավին հասցված հարվածի պատճառով
1 րոպեի ընթերցում
Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերից ոչ հեռու, On Peace նավին հասցված հարվածի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից 11-ը Հնդկաստանի քաղաքացիներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք դատապարտում ենք Պանամայի դրոշի ներքո ընթացող On Peace առևտրային նավին հասցված հարվածը, որն այսօր ավելի վաղ իրականացվել է Օմանի ափերի մոտ, որտեղ դրան հարվածել է արկ Հորմուզի նեղուցով անցնելիս։ Անձնակազմի 19 անդամից 17-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Մենք իմացել ենք, որ տուժել է անձնակազմի 12 անդամ, այդ թվում՝ Հնդկաստանի 11 քաղաքացի», - ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։
Արտաքին գործերի նախարարությունում շնորհակալություն են հայտնել Օմանի իշխանություններին, որոնք օգնել են տարհանել նավի անձնակազմին և բժշկական օգնություն են տրամադրել նրանց։
Գերատեսչությունում ընդգծել են, որ Մերձավոր Արևելքում նավերին հարվածները լուրջ մտահոգության առիթ են Հնդկաստանի համար։ Այդ կապակցությամբ իշխանությունները կրկին կոչ են արել բոլոր կողմերին դադարեցնել նման հարվածները։
Թե ով է պատասխանատու հարձակման համար, չի նշվում։