Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները
1 րոպեի ընթերցում
Երևանում գտնվող Թեհրանի քաղաքապետի տեղակալ Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշված է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Կողմերն անդրադարձել են Տարածքային կառավարման մարմինների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովին ու Թեհրանի քաղաքապետի Երևան այցին։ Արմեն Փամբուխչյանը կարևորել է Երևանի քաղաքապետի հրավերով, «COP17»-ի շրջանակում Թեհրանի քաղաքապետի սպասվող այցը մեր երկիր։
«Անդրադարձ է կատարվել նաև քույր քաղաքների՝ Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաև հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորություններին, որոնք վերաբերում են քաղաքային կառավարման, հանրային փոխադրամիջոցների և երթևեկության, քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև ճարտարապետության, քաղաքաշինության ու կանաչապատման ոլորտներին»,- նշված է հաղորդագրության մեջ։