Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարական «Bultraf» ընկերությունը մշակել է շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ, որը նախատեսված է վիրաբույժներին օգնելու հայտնաբերել սենտինելային (պահակային) ավշային հանգույցները քաղցկեղի վիրահատությունների ժամանակ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին Սոֆիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Bultraf» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Չենկովը։

Վիրաբույժ Սվիլեն Մասլյանկովը Սոֆիայի «Ալեքսանդրովսկա» համալսարանական հիվանդանոցում փորձարկել է նախատիպը կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների շրջանում։ Նա նշել է, որ դետեկտորը ցուցաբերել է բարձր զգայունություն և ճշգրտորեն հայտնաբերել սենտինելային ավշային հանգույցները։ Սարքն ունի ջերմաստիճանի սենսոր, որն ավտոմատ կերպով կարգավորում է չափումները, ինչպես նաև շարժական թև՝ վիրաբույժներին դժվարհասանելի հատվածներ հասնելու հարցում օգնելու համար։ Դրա USB-միացքը թույլ է տալիս տվյալները փոխանցել համակարգչին և լիցքավորել մարտկոցը։

Սենտինելային ավշային հանգույցների բիոպսիան հիմնականում կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի և մելանոմայի դեպքում։ Մասլյանկովի խոսքով՝ այն թույլ է տալիս իրականացնել ավելի քիչ ծավալուն վիրահատություն, նվազեցնել բարդությունները և կրճատել վերականգնման ժամանակահատվածն՝ այդպիսով բարելավելով պացիենտների կյանքի որակը։

Մասլյանկովը նախատեսում է սարքի հնարավորություններն ու առավելությունները ներկայացնել բժշկական ոլորտի մասնագետներին 2027 թվականին կայանալիք գիտաժողովի ընթացքում։ Նա հայտնել է, որ Բուլղարիայում ամեն տարի ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղի մոտ 4000 դեպք, այդ թվում՝ 23-29 տարեկան կանանց մոտ։

Նախատիպը մշակվել է մոտ 204 516 եվրո ընդհանուր բյուջե ունեցող նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորվել է «Ձեռնարկությունների մրցունակություն և նորարարություն 2021-2027» ծրագրի կողմից։ Սարքի նախապատրաստական ​​աշխատանքները տևել են գրեթե երեք տարի։

Թիմը նախատեսում է սարքը հասանելի դարձնել բուլղարական բժշկական հաստատություններին՝ սերտիֆիկացման և լիցենզավորման անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելուց հետո։

Թիմի գնահատմամբ՝ առնվազն մեկ տարի կպահանջվի արտադրված սարքերը շուկային առաջարկելու համար։

Հայերեն

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում

«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու ներնետված փաթեթում հայտնաբերվել է չորս բջջային հեռախոս

Կիևին և Դնիպրոյին հասցված հարվածների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանը

SpaceX-ի Starship հրթիռն առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր

Սեպտեմբերի 29-ի միջոցառումների անոնս

Ֆինանսական գրագիտությունը երեխաների շրջանում․ Idram&IDBank

Բուլղարական ընկերությունը մշակել է քաղցկեղի վիրահատությունների համար նախատեսված շարժական գամմա-սպեկտրոմետրի նախատիպ. BTA

«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը կմեկնարկի հոկտեմբերի 1-ին

Լոռու մարզում 26 դրվագ գործողությամբ գողություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է