Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՄԱՆ գլխավոր քարտուղարը Նյու Յորքում մասնակցել է «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» քննարկմանը

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» (Open Government Partnership, OGP) առաջնորդների՝ «Թափանցիկություն, դիմակայունություն և բարգավաճում» խորագրով կլոր սեղան քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ «Բարեկեցիկ և մրցունակ տնտեսություններ» պանելային քննարկման ընթացքում ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց պայմաններում տնտեսական կայուն աճի ապահովման կարևորությանը՝ ընդգծելով ժողովրդավարական ամուր հիմքերի, օրենքի գերակայության և արդյունավետ ինստիտուտների դերը։

Դավիթ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող թվայնացման, հանրային և քաղաքացիական մասնակցության ընդլայնման, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական, այդ թվում՝ տնտեսական առաջնահերթություններին՝ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարն ընդգծել է առևտրային կապերի դիվերսիֆիկացման, ներդրումների ներգրավման և փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման կարևորությունը։

Դավիթ Կարապետյանը խոսել է նաև միջազգային առևտրի բաղադրիչով ՀՀ արտաքին գերատեսչության լիազորությունների ընդլայնման մասին:

«Ընդգծվել է, որ հաստատված խաղաղության պայմաններում արտաքին քաղաքականությունը պետք է նպաստի նաև տնտեսական հնարավորությունների ստեղծմանը, միջազգային առևտրային կապերի ընդլայնմանը և քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացմանը։ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը կարևորել է նաև Բաց կառավարման գործընկերության շրջանակներում համագործակցության ներուժը՝ միջազգային առևտրի խթանման, տեղական բիզնեսի՝ միջազգային շուկաներ մուտքի և օտարերկրյա ներդրումների ներգրավման կարողությունների զարգացման տեսանկյունից»,-նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում