Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

10 րոպեի ընթերցում

Հայաստանում ուժի մեջ է մտնում ավագ բուժանձնակազմի (բժիշկների) անհատական լիցենզավորման կարգը. առողջապահական համակարգի ավագ բուժանձնակազմը մասնակցելու է լիցենզավորման համար նախատեսված քննություններին՝ անկախ աշխատանքային փորձից, ինչը նույնական է ԵՄ-ի և ԱՄՆ-ի չափանիշներին։

Առողջապահության նախարարությունը 3-4 տարի առաջ գործարկեց ավագ և միջին բուժանձնակազմի պարտադիր հավաստագրման շարունակական ծրագիրը, և, բնականաբար, շատերի մոտ հարց է առաջանում ինչո՞վ են տարբերվելու ներկայում գործող հավաստագրերը նոր լիցենզավորումից և ո՞րն է այս նոր լիցենզիայի նպատակը։ Այս և գործընթացի հետ կապված այլ կարևոր հարցերի պատասխանում է Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը:

-Պարոն Բազարչյան, խնդրում եմ մանրամասնել գործընթացի ներդրման նպատակն ու ինչով է պայմանավորված դրա անհրաժեշտությունը:

֊ Հավաստագրման գործընթացը վերաբերելի է բուժաշխատողի շարունակական կրթական զարգացմանը և հիմնական նպատակն է մասնագետների՝ ապացուցողական բժշկության վրա հիմնված ոլորտի վերջին զարգացումներին համապատասխան կրթություն ստանալը, և որպես մասնագետ մրցունակ լինելուն, ինչը, իհարկե, բարձրացնում է մեր բժիշկների վարկանիշը: Հավաստագրի առկայությունը շարունակական մասնագիտական զարգացման փաստը հավաստող փաստաթուղթ է։ Մինչդեռ անհատական լիցենզիան, ինչպես զարգացած երկրներում, այնպես էլ ՀՀ-ում կհանդիսանա աշխատանքի թույլտվություն և օրենքով վերջինիս համար նախատեսված են կասեցման և մերժման հիմքեր։ Անհատական լիցենզիան նոր կարգավորմամբ համարվելու է մասնագիտական գործունեության թույլտվության փաստաթուղթ և այն կարող է կասեցվել և դադարեցվել օրենքով նախատեսված հիմքերի դեպքում, իսկ հավաստագիրը փաստելու է ավագ բուժաշխատողի շարունակական մասնագիտական կրթություն ստանալու հանգամանքը:

-Ո՞ր դեպքերում է մերժվելու կամ կասեցվելու լիցենզիան, որոնք են կասեցման և մերժման հիմքերը և ո՞ր կառույցն է այդ որոշումը կայացնելու։

֊ Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը կասեցվում է, առաջինը եթե՝ բուժաշխատողը հավաստագրում չի անցել, երկրորդ՝ անձը ճանաչվել է անհայտ բացակայող, երրորդ՝ բուժաշխատողը որակի կամ էթիկական նորմերի խախտում է թույլ տվել և այլն։ Բուժաշխատողի անհատական լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե անձը լիցենզիա է ստացել օրենքի պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ անձը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով անձն ազատազրկման է դատապարտվել, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ․ անձը մահացել է, կամ ուժի մեջ է մտել նրան մահացած ճանաչելու մասին դատարանի ակտը, անձը ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկում ներառված բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն, զինվորական ծառայության մեջ գտնվող անձը սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում հավաստագրում չանցնելու պատճառով անհատական լիցենզիայի գործողության կասեցման կամ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (խախտման) հիմքով արձակվել է պահեստազոր, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում։

Անհատական լիցենզիայի և անցումային անհատական լիցենզիայի տրամադրումը մերժվում է, եթե կենտրոնացված քննության արդյունքը բացասական է կամ անձն ունի ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ցանկով նախատեսված բժշկական մասնագիտական գործունեությանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն կամ անձն ունի դատվածություն, որը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ կամ անձը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչված է անգործունակ կամ սահմանափակ գործունակ։ Հաջորդը՝ հայտում նշված մասնագիտությունը չի համապատասխանում մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության կամ հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթղթում նշված մասնագիտությանը կամ եթե զինվորական ծառայության մեջ գտնվող անձը հավաստագրում չանցնելու պատճառով անհատական լիցենզիայի գործողության կասեցման կամ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (խախտման) հիմքով արձակվել է պահեստազոր, երբ ներկայացված հայտում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին։

Որոշում կայացնողը ԱՆ լիցենզավորման հանձնաժողովն է։

-Եկեք մեկ հարց ևս հստակեցնենք, ի՞նչ է ենթադրում անհատական և անցումային լիցենզիան։

֊Անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ավարտած, անհատական լիցենզիա ստանալու համար կենտրոնացված քննությունը հանձնած անձանց:

Անցումային անհատական լիցենզիան տրամադրվում է առողջապահության բնագավառի բարձրագույն մասնագիտական կրթության փաստը հաստատող ավարտական փաստաթղթի (դիպլոմի) հիման վրա՝ անցումային անհատական լիցենզիա ստանալու համար կազմակերպվող կենտրոնացված քննության հանձնման արդյունքով կլինիկական օրդինատուրա (կլինիկական ռեզիդենտուրա) կամ ռազմաբժշկական մասնագիտություններով հետավարտական լրացուցիչ ուսումնառություն իրականացնող հաստատություն ընդունված անձանց ուսումնառությունն սկսելու պահից:

-Որտե՞ղ են անցկացվելու քննությունները, ի՞նչ պայմաններ են սահմանված և արդյոք օրդինատուրայի շրջանավարտը ևս պետք է քննություն հանձնի լիցենզիա ստանալու համար։

֊ Անհատական լիցենզավորման նպատակով կազմակերպվելիք քննությունները նախատեսվում է անցկացնել արհեստական բանականության հենքի վրա գործող հարթակի միջոցով՝ թեստավորման եղանակով։ Ընդ որում, մասնակիցը ցանկացած վայրից և իրեն հարմար ժամի կկարողանա մուտք գործել համակարգ և հանձնել քննությունը՝ թեստավորման եղանակով։

Մինչև ս․թ․ նոյեմբերի 1-ը հարցաշարերը կլինեն հասանելի Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ ԱԱԻ պաշտոնական կայքերում։ Նախատեսվում է, որ բուժաշխատողները իրենք կընտրեն այն օրը, երբ կցանկանան միանալ քննական գործընթացին։ Եթե մասնագետը չի հաղթահարում քննությունը, ապա հաջորդ փորձի համար հստակ սահմանված ժամանակահատված չկա՝ բուժաշխատողը ինքն է որոշում երբ վերահանձնել։ Ի դեպ, շատ են հետաքրքրվում թե արդյոք մինչև վերահանձնումը բժիշկը կկարողանա՞ շարունակել իր մասնագիտական գործունեությունը, թե՞ կլինեն սահմանափակումներ, նշեմ որ սահմանվելու է հստակ ժամկետ, մինչև այդ ժամկետը գործող հավաստագրի հիման վրա բուժաշխատողը շարունակելու է աշխատել։

Ինչ վերաբերում է 2026-2027թթ. ուսումնական տարվա այն օրդինատորներին, ովքեր արդեն անցել են ավարտական քննությունները և ստացել լիցենզիա, ապա կլինիկական օրդինատուրա ընդունված ուսանողները ստանում են անցումային անհատական լիցենզիա իրենց կրթական ժամանակահատվածի համար։ Կլինիկական օրդինատուրան ավարտելուց հետո վերջիններս պետք է ձեռք բերեն անհատական լիցենզիա՝ հանձնելով կենտրոնացված քննությունը։

-Եթե բժիշկն ունի և՛ ընդհանուր, և՛ նեղ մասնագիտական որակավորում, արդյո՞ք նա պետք է հանձնի երկու առանձին քննություն։

 - Անշուշտ նա հանձնելու է երկու քննությունն էլ, եթե երկու մասնագիտությամբ էլ պետք է զբաղվի, քանի որ անհատական լիցենզիայի վրա նշվելու է կոնկրետ մասնագիտացում:

 - Եթե բժիշկը չի հաղթահարում քննությունը, քանի՞ անգամ կարող է վերահանձնել այն և ի՞նչ ժամանակային ընդմիջումներով։   

֊Նախատեսված է 3 փորձի հնարավորություն: Բուժաշխատողն ինքն է որոշում, թե երբ հանձնի կամ վերահանձնի քննությունը։

 -Ընդունենք, բժիշկն ավարտել է օրդինատուրան, սակայն տվյալ պահին բուժական գործունեությամբ չի զբաղվում, կարո՞ղ է այդ դեպքում մասնակցել քննություններին և ստանալ լիցենզիա։

- Այո, եթե բուժաշխատողը ցանկանում է մասնագիտական գործունեությամբ զբաղվել, ապա կարող է մասնակցել համապատասխան քննություններին և ձեռք բերել անհատական լիցենզիա։

***

Գործող օրենսդրությամբ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետը սահմանված է 2027 թվականի հունվարի 1-ը: Սակայն շրջանառության մեջ է դրվել ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի ապրիլի 11-ի օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն՝ անհատական լիցենզիա ստանալու վերջնաժամկետն առաջարկվում է երկարաձգել և սահմանել 2027 թվականի հուլիսի 1-ը:

 Հարցազրույցը՝ Ժասմեն Վիլյանի

Հայերեն

Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ