Հանդիպել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազները

5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակում 2026 թվականի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության գլխավոր դատախազ Ջոն Փեթրիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։

Ջոն Փեթրին ողջունել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի այցը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, բարձր է գնահատել Հայաստանի և Լյուքսեմբուրգի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության մակարդակը և նշել, որ միջազգային և անդրսահմանային հանցավորության դեմ արդյունավետ պայքարը պահանջում է դատախազությունների միջև սերտ և շարունակական համագործակցություն:

Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազն իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու երկկողմ գործնական կապերի ընդլայնմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ աշխատանքների ակտիվացմանը։

Աննա Վարդապետյանը շնորհավորել է Ջոն Փեթրիին՝ 2025 թվականին Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, բարձր է գնահատել Լյուքսեմբուրգի գլխավոր դատախազության հետ ձևավորված համագործակցությունը և գործընկերոջ հետ քննարկել է քրեական գործերով միջազգային իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցեր:

Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քրեական գործերով միջազգային իրավական համագործակցությունն իրականացվում է մի շարք միջազգային պայմանագրերի շրջանակում, այդ թվում՝ քրեական գործերով փոխադարձ օգնության, հանձնման, կիբեռհանցագործությունների, կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել նաև Եվրաջասթի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությանը։ Նշվել է, որ 2024 թվականին ստորագրված համաձայնագրերը նոր հնարավորություններ են ստեղծել անդրսահմանային հանցավորության դեմ պայքարում գործնական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար։ Այս համատեքստում կարևորվել է համակարգված փոխգործակցությունը, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակում համակարգող հանդիպումների անցկացումը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետության դատախազության միջազգային մասնագիտական ցանցերում և կառույցներում ներգրավվածության ուղղությունները։ Մասնավորապես՝ ընդգծվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացվածությունը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի մասնագիտական մի շարք կառույցներում Դատախազության ակտիվ մասնակցությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստումների, միջազգային և տարածաշրջանային մասնագիտական երկխոսության խթանման աշխատանքներին։

Այս համատեքստում ներկայացվել է Հայաստանի կողմից նախաձեռնված՝ Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակը (APEPD), որը համախմբում է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դատախազությունների ներկայացուցիչներին, միջազգային և տարածաշրջանային կառույցների մասնագետներին ու բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նշվել է, որ 2026 թվականի հարթակի շրջանակում քննարկումների առանցքում են ֆինանսական բարդ հանցագործությունների, այդ թվում՝ կրիպտոարժույթների և արհեստական բանականության կիրառմամբ իրականացվող հանցավոր սխեմաների քննությունն ու հետապնդումը, ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի արդյունավետ կառավարումը, ինչպես նաև քրեական արդարադատության ոլորտում տուժողակենտրոն մոտեցումների կիրառումը։

Աննա Վարդապետյանը և Ջոն Փեթրին կարևորել են երկու երկրների դատախազությունների միջև ձևավորված գործնական կապերի շարունակական զարգացումը և պատրաստակամություն են հայտնել առավել խորացնելու համագործակցությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են քրեական արդարադատության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդման և փորձի փոխանակման կարևորությունը։

Հայերեն العربية English Русский 中文