Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին
2 րոպեի ընթերցում
Թուրքիան ողջունել և աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտրային և գործարար հարաբերություններն արգելելու ուղղությամբ 12 երկրների ձեռնարկած քայլերին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Hürriyet» պարբերականը, այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ համապատասխան քայլերը ձեռնարկվել են 12 երկրների կողմից՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Կանադայի նախաձեռնությամբ։
«Երկու պետությունների սկզբունքի հիման վրա կարգավորման հնարավորությունը վերացնելու Իսրայելի ջանքերն օրեցօր ակտիվանում են։ Ապօրինի բնակավայրերը վերածվել են համակարգված օկուպացիոն քաղաքականության՝ հասնելով այնպիսի մակարդակի, որը սպառնում է Պաղեստինի պետության գոյությանը, իսկ վերաբնակիչների բռնությունները հասել են էթնիկ զտումների չափերի»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում արդար ու տևական խաղաղության հաստատման համար Իսրայելի՝ օկուպացիային ուղղված գործողություններին անհրաժեշտ արձագանք տալը դարձել է առանցքային պայման։
Անկարան նաև միջազգային հանրության մյուս անդամներին կոչ է արել նմանատիպ որոշումներ ընդունել։
«Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել 1967 թվականի սահմանների հիման վրա, Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, տարածքային ամբողջականություն ունեցող անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետության ստեղծման համար»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու մասին հայտարարել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Դանիան, Իսպանիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Իսլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան և Շվեդիան։