Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը
2 րոպեի ընթերցում
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշն Անկարայում հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Հեյբաթ ալ-Հալբուսիի հետ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Hürriyet» պարբերականը, հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ։
Քուրթուլմուշը հայտնել է, որ Թուրքիայում իրականացվող «Առանց ահաբեկչության Թուրքիա» նախաձեռնությունը, Անկարայի ակնկալիքով, ազդեցություն կունենա նաև ամբողջ տարածաշրջանի վրա։
«Հուսով ենք, որ ահաբեկչությունից մեծապես տուժած մեր իրաքցի եղբայրները ևս հնարավորինս կարճ ժամանակում կազատվեն ահաբեկչությունից և զինված խմբավորումներից»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։
Քուրթուլմուշը կարևորել է նաև հաջորդ ամսվանից Իրաքում մեկնարկելիք գործընթացը, որի շրջանակում զինված և աշխարհազորային խմբավորումները պետք է իրենց զենքերը հանձնեն Իրաքի կենտրոնական կառավարությանը։
Նրա խոսքով՝ Անկարան հույս ունի, որ զինաթափման գործընթացը կնպաստի Իրաքում խաղաղության և կայունության հաստատմանը, իսկ PKK-ի և դրա հետ կապված խմբավորումների զինաթափումը՝ Սիրիայում խաղաղության հաստատմանը։
«Այժմ «Առանց ահաբեկչության Թուրքիա» և «Առանց ահաբեկչության տարածաշրջան» գործընթացների միջոցով մենք կրկին ի մի ենք բերում բաժանված մասերը։ Մենք միավորվում ենք»,- ասել է Քուրթուլմուշը։