Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցները. Ավինյան
1 րոպեի ընթերցում
Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և լրացուցիչ ծանրաբեռնի Երևանի փողոցները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ Երևանում ուղևորափոխադրումները պետք է իրականացնեն այդ նպատակով լիազորված և պարտավորություն ունեցող կառույցները՝ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն և մետրոպոլիտենը։
«Բոլոր մնացած տրանսպորտը՝ լինի մասնավոր միկրոավտոբուս, մարզային միկրոավտոբուս, ավտոբուս, իրավունք չունի Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետի խոսքով՝ նման տրանսպորտային միջոցների կողմից ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելը ևս նպաստում է Երևանի փողոցների ծանրաբեռնվածությանը։
«Երբ մենք ասում ենք, որ մեր խնդիրը՝ քաղաքի ծանրաբեռնվածությունը, գնալով սրվում է, դա նաև սրա պատճառով է։ Մենք ուզում ենք արդյունավետ կազմակերպել մարզերից մարդկանց տեղափոխումը Երևան, բայց չենք ուզում հավելյալ տրանսպորտային միջոցների քանակով ծանրաբեռնել քաղաքը»,- նշեց նա։