ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել չշտապել կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված դատողություններում
4 րոպեի ընթերցում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, անդրադառնալով կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցին, կոչ է արել չշտապել այդ մասին դատողություններ անելու հարցում և իրադարձություններից առաջ չընկնել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Հարկ չկա նախապես դատողություններ անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Երևանի դուրս գալու հարցի շուրջ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, և կա նաև հայ ժողովրդի կարծիքը»,-ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ որոշում կարելի է ակնկալել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերին կայանալիք նիստից ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից որևէ երկրի «բացառելու կամ չբացառելու» որոշումը կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։
«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշում կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Արդյոք այս հարցը լրջորեն կքննարկվի՞ այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, դա նույնպես հարց է. դա պետք է որոշեն իրենք՝ պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապենք իրադարձությունների հետ կապված»,-ասել է նա։
Նա հավելել է, որ Կազմակերպությունը տեղյակ է այս հարցի շուրջ ՀՀ վարչապետի հայտարարություններին, սակայն դեռևս պետք չէ կանխորոշել իրադարձությունները։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև վերահաստատել է, որ Հայաստանը փաստացի չի մասնակցում կառույցի քննարկումներին ու աշխատանքներին։
«Գիտեք, մենք այս հարցը երկար ժամանակ քննարկում ենք։ Հայաստանը ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին։ Հայաստանը իր աշխատակիցներին, զինվորականներին կամ ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանը չի վճարել անդամակցության վճարները։ Բայց դե յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,-նկատել է նա։
Գլխավոր քարտուղարը, սակայն, շեշտել է, որ Հայաստանը զգալի ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում, և հայ ժողովուրդն ինչ-որ փուլում աջակցել է երկրի ղեկավարության բոլոր նախաձեռնություններին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս թեմային անդրադարձել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումների ժամանակ՝ վստահեցնելով, որ Երևանը ՀԱՊԿ-ում իր աշխատանքները չի ակտիվացնելու և կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։
Փաշինյանը հայտարարել է, որ կազմակերպությունից Հայաստանի կողմից ուղղված հարցերի վերաբերյալ ոչ մի պատասխան չի ստացել, հետևաբար, ՀԱՊԿ-ի վերաբերյալ հետաքրքրությունը սպառված է։
«Առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, ու կարող են երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում գեթ մեկ հիշատակում չկա այդ կազմակերպության մասին։
Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։