Մերձավոր Արևելք

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

2 րոպեի ընթերցում

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Մեկ շաբաթվա ընթացքում իսրայելական ուժերը և վերաբնակները օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ իրականացրել են ավելի քան 460 հարձակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հրապարակված գրառման մեջ հայտնել է Պաղեստինի վարչապետի գրասենյակը։

«Իսրայելի օկուպացիոն ուժերը և վերաբնակներն ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիների դեմ իրականացրել են 467 հարձակում», - նշված է գրառման մեջ։

 Հաղորդագրության համաձայն՝ հարձակումների հետևանքով ավերվել են պաղեստինցիներին պատկանող 75 տներ և կառույցներ։

Նաև նշվում է, որ հարձակումները «բռնության, ունեցվածքի կորստի և ավերածությունների անդադար սրացման» մաս են կազմում։

Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ իսրայելական ուժերը օգոստոսի 18-ի երեկոյից մինչև օգոստոսի 19-ի առավոտ լայնածավալ ձերբակալություններ են իրականացրել Արևմտյան ափում՝ ձերբակալելով առնվազն 30 պաղեստինցու։

Գազայի հատվածի առողջապահության նախարարությունն իր հերթին տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 73 400-ի, իսկ վիրավորներինը՝  174 312-ի։

ԱՄՆ նախագահ Թրամփը հուլիսի 30-ին հայտարարել էր «պատմական» համաձայնության մասին, որը նախատեսում է «Գազայում ՀԱՄԱՍ-ի և մյուս բոլոր զինված խմբավորումների ամբողջական զինաթափում»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մերժել է Գազայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը և չի պատրաստվում դուրս բերել իսրայելական ուժերը, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը լիովին չի զինաթափվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում