Մարզեր

Գյումրիում մեկնարկել է «Ազգագրական-բանագիտական ընթերցումներ» միջազգային 6-րդ գիտաժողովը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում մեկնարկել է «Ազգագրական-բանագիտական ընթերցումներ» միջազգային 6-րդ գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է «Ազգագրական-բանագիտական ընթերցումներ» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը։ Այս տարի գիտաժողովն անցկացվում է երկու առանձին ուղղությամբ՝ ազգագրություն և բանագիտություն։

Ամենամյա այս գիտաժողովը նախկինում ունեցել է հանրապետական նշանակություն և համախմբել Հայաստանի գիտնականներին, սակայն այս տարի այն հատել է սահմանները, քանի որ մասնակցում է նաև Անի Մարգարյանը՝ Չինաստանի Սուչժոուի համալսարանից։ Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Բազեյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հույս հայտնեց, որ հաջորդ տարիներին միջազգային տարբեր համալսարաններն ու գիտական կենտրոնները ներկայացնող մասնակիցների թիվը զգալիորեն կավելանա։ Ընդհանուր առմամբ՝ այս տարի կներկայացվի քսանհինգ զեկույց։

«Մեր նպատակն է ամեն տարի համախմբել այն ազգագրագետներին և բանագետներին, որոնք տարվա ընթացքում հետազոտություններ ու ուսումնասիրություններ են կատարել և կարիք ունեն դրանք լայն մասնագիտական քննարկման ներկայացնելու։ Այստեղ հավաքվում են ոլորտի լավագույն մասնագետները, և թեմաները տեղայնացված չեն, այլ վերաբերում են ընդհանուր ազգագրական ու բանագիտական խնդիրներին։ Սա մի հարթակ է, որտեղ մասնագետները կարող են ներկայացնել և քննարկել իրենց աշխատանքները»,-նշեց Կարինե Բազեյանը՝ հատուկ կարևորելով նաև երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը մշտապես խրախուսվում է կենտրոնի կողմից։ Նրա խոսքով՝ սա այն վայրն է, որտեղ երիտասարդ գիտնականները պետք է գան, լսեն ավագներին, ներկայացնեն իրենց զեկույցները և ստանան մասնագիտական ուղղորդում ու խորհուրդներ, ինչն առավել արդյունավետ է դարձնում նրանց հետագա գործունեությունը։

Գիտաժողովն ընթերցումներով չի ավարտվում։ Ավանդույթի համաձայն՝ լավագույն զեկուցումները պարբերաբար լույս են տեսնում  էլեկտրոնային տարբերակներով։ «Այս տարի ևս գիտաժողովի ավարտին լավագույն զեկուցումները տեղ կգտնեն կենտրոնի ժողովածուում։ Գիտաշխատողի համար շատ կարևոր է, որ իր աշխատանքը հրապարակվի, և սա ևս մեկ խթան է, որպեսզի մարդիկ ակտիվորեն մասնակցեն գիտաժողովին»,-ավելացրեց Կարինե Բազեյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում