1 րոպեի ընթերցում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Հաղարծին» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը։
Տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արման Հովհաննիսյանին պատկանող արտադրամասում, որը գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրամասի նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձև հոսքերը։
Բացի այդ, արտադրամասի պահեստային հատվածի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Պատերի մակերևույթը եղել է քարից՝ առանց համապատասխան երեսապատման։
Հայտնաբերված խախտումների հիմքով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է։
Արտադրության կասեցումը կգործի մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը։